Հայ ժողովորդի ուժը միասնության մեջ է. Գարո Քեբաբչյան

Հայ ժողովորդի ուժը միասնության մեջ է. Գարո Քեբաբչյան

Մերձավոր Արևելքում ԼՂՀ ներկայացուցիչ Գարո Քեբաբչյանը կարծում է, որ Հայոց ցեղասպանությունից 101 տարի անց հայ ժողովուրդը չպետք է բավարարվի միայն մոմ և ծաղիկ դնելով, պետք է անցնի պայքարի այլ միջոցների:

«Հարկավոր է անցնել այլ` ամեն տեսակ միջոցների: Այսինքն` լոբբինգ, քաղաքականություն, դիվանագիտություն և զորք, բանակ և ուժ: Այս 100 տարվա ընթացքում միայն հարվածողն ու սպանողն է առաջ գնում, իսկ մենք այդ ժողովուրդը չենք: Մենք դպրոցներ ու եկեղեցիներ ենք կառուցել, մշակույթ ենք զարգացրել, և հենց այդ մշակույթն է մեզ պահել: Մեր մնալու պատճառը մեր մշակույթն է, արդարությունը և պահանջատեր լինելը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայոց ցեղասպանության հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Գարո Քեբաբչյանը:

Նա հավելեց, որ այժմ հայ ժողովորդի ուժը միասնության մեջ է: Նրա խոսքով` վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տվել, որ հայի գենը պարտվող չէ:

«Շատերը Հայաստանից և սփյուռքից Լեռնային Ղարաբաղում էին, կանգնած էին ժողովրդի կողքին, իսկ խաղաղության օրերին մենք հանդարտ ենք: Հայ ժողովուրդն արթնանում է, երբ նրան հարվածում են: Բայց արդեն ընդհանուր գիտակցություն կա, թե պետք է չթողնել մեզ հարվածեն, ու միայն այդ ժամանակ արթնանանք: Մենք պետք է միանանք և միացյալ մնանք հավերժ, որպեսզի մեր ժողովուրդը կարողանա հավերժ գոյատևել այս աշխարհում, որտեղ արդարություն, օրենք չկա»,-նշեց նա:

Գարո Քեբաբչյանը վստահեցրեց, որ հայկական բանակը անհրաժեշտության դեպքում կարող է անմիջապես հարվածել Բաքվին, բայց հավելեց, որ հայ ժողովուրդը չի ցանկանում նախահարձակ լինել, խաղաղ բնակչությանը վնաս պատճառել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում