Լավրովը եւ Քերին քննարկել են Սիրիայում հրադադարի պահպանման նկատմամբ հսկողության հարցերը
Նմանատիպ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի միջեւ ապրիլի 25-ին կայացած հեռախոսազրույցի գլխավոր թեման դարձել է Սիրիան եւ այնտեղ հրադադարի ռեժիմի պահպանումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բրիֆինգի ժամանակ հայտնել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին:
«Նրանք հեռախոսազրույց են ունեցել, որի մեծ մասը նվիրված էր Սիրիայում մարտական գործողությունների դադարեցմանը»,- ասել է նա, նշելով, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն այս անգամ խոսել են նաեւ խռովարարների եւ Սիրիայի կառավարական ուժերի միջեւ հրադադարի պայմանների կատարման նկատմամբ «մշտական հսկողության» մասին:
Ինչպես ավելի վաղ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում, «արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները շարունակել են Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի փոխգործակցության ուղիների քննարկումը՝ ի շահ Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանման եւ ամրապնդման, նրա բնակչությանը հումանիտար օգնությամբ ապահովման եւ քաղաքական կարգավորման կայուն գործընթացի գործարկման»:
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում