Կան պահեր,երբ պիտի մոռանաս ամբիցիաներդ. Ա. Ղուկասյանը՝ ԼՂՀ նախկին ղեկավարների պատասխանատվության մասին

Կան պահեր,երբ պիտի մոռանաս ամբիցիաներդ. Ա. Ղուկասյանը՝ ԼՂՀ նախկին ղեկավարների պատասխանատվության մասին

ԼՂՀ երկրորդ նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը կոռեկտ և ճիշտ է համարում մարդկանց բարձրացրած հարցը և դժգոհությունը, թե ԼՂ-ում Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան պատերազմի օրերին որտե՞ղ  են Արցախի առաջին և երկրորդ նախագահները:  Այս մասին նա արտահայտվել է Արցախի հանրային հեռուստատեսության «Մեր տուն ու տեղ» հաղորդման ժամանակ:

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը նշել է, որ այդ օրերին ինքն առողջական խնդիրներով գտնվում էր դրսում, բայց գրեթե ամեն օր Նախագահ Բակո Սահակյանից տեղեկացել է  իրավիճակի մանրամասներին:

«Ես համարում եմ, որ պարտավոր էի լինել այստեղ, հատկապես առաջին երեք օրը, ուրիշ բան է, որ մշտական կապի մեջ էի ԼՂՀ-ի և ՀՀ-ի նախագահների հետ, օրը մի երեք-չորս անգամ զանգում էի: Երբ վերադարձա, ուզում էի գալ Ղարաբաղ, արդեն համեմատական հանգիստ էր, բայց ՀՀ նախագահի հանձնարարություններն էի կատարում  ԼՂ-ի հարցի հետ կապված: Պետք է իր հետ գայի այստեղ, գուցե ավելի շուտ, բայց խնդիրներ կային ԼՂ հարցի հետ կապված և ստիպված մնացի ՀՀ-ում: Եվ հենց որ ավարտեցի այդ աշխատանքը, ես արդեն այստեղ եմ: Իմ կարծիքով դա կարևոր է և  մեր ժողովուրդն իրավունք ունի այդ հարցը տալ, ես դրանից չեմ նեղվում, որովհետև իմ հոգով այստեղ լինելը չի փոխարինում ֆիզիկապես այստեղ չլինելուս: Եվ ես, և մյուս ղեկավարները պատասխանատու են այն ամենի համար, ինչ տեղի է ունենում Ղարաբաղում: Մենք չենք կարող անտարբեր լինել, ի վերջո սա մեր բոլորիս պայքարն էր, սա մեր կյանքն է՝ անկախ նրանից ինչով ենք զբաղվում: Եվ կան օրեր, պահեր,  երբ պիտի ամեն ինչ մոռանաս, քո ամբիցիաները, բնական չէ՞, որ ամեն ինչ չի ինձ դուր գալիս, ինչ կատարվում է Ղարաբաղում,  բայց  այսօր  դրա  ժամանակը չէ: Եթե ես այստեղ եմ, ապա պատրաստ եմ զինվորի պես կատարել այն բոլոր խնդիրները, առաջադրանքները, որոնք դրված են մեր ժողովրդի առաջ: Եթե ինձանից մի բան է կախված, պետք է դա անեմ»,-ամփոփել է Ղուկասյանը:

Նշված հատվածը 49:15-ից

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում