Աղվան Վարդանյանը խոսել է կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի մասին

Աղվան Վարդանյանը խոսել է կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի մասին

Հայաստանում կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի հիմքը դրել են երեք փաստաթղթեր՝ Սահմանադրությունը իր համապատասխան բաժիններով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթը, ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև քաղաքական համագործակցության համաձայնագիրը: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամին այս մասին ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Սահմանադրության մեջ կան համապատասխան բաժիններ, որոնք վերաբերում են տնտեսական քաղաքականությանը, մենաշնորհներին, գերիշխող դիրքի չարաշահումներին: Հանրապետության նախագահի ելույթում էլ մանրամասն անդրադարձ կա բոլր այդ խնդիրներին, մատնանշված են բոլոր ուղղությունները: Եվ այդ ելույթը նաև այն հիմքերից մեկն է, որը հնարավոր դարձրեց մեր գործակցությունը և համաձայնագրի ստորագրումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Վարդանյանը:

Պատգամավորը լրագրողներին խորհուրդ տվեց ավելի ուշադիր կարդալ ՀՀԿ-ի ՀՅԴ-ի միջև քաղաքական համագործակցության համաձայնագիրը: «Ես խորհուրդ եմ տալիս նայել, աչքի անցկացնել այդ համաձայնագրի տեքստը, այնտեղ այնքան հարցեր կան, որ կարող եք տալ քաղաքական ուժերին: Այդ համաձայնագրում էլ ներկայացված են կոռուպցիայի, գերիշխող դիրքի չարաշահումների, մենաշնորհների դեմ պայքարի մասին: Այնպես որ, խնդիրը ձևակերպված է, քայլերը սկսված են: Գրեթե ամեն օր, գուցե, այսօր էլ, կառավարությունում հակակոռուպցիոն քննարկումներ են տեղի ունենում: Եթե դուք կարծում եք, որ նման հարցերը օրենքով չպետք է կարգավորվեն, այլ կամայականություններով լուծվեն, ես կասեմ, որ կամայականությունները որևէ արդյունք չեն տալու: Ինչպիսին կլինի վերջնական արդյունքը՝ դա կախված է մեզանից, մեր աշխատանքից: Ես կարծում եմ, որ այն քայլերը, որ անում են ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն, արդյունքի բերելու են: Սակայն մենք երբեք չենք ասել, որ միանգամից արդյունքներ են լինելու»,- ընդգծեց ՀՅԴ-ական պատգամավորը:

Աղվան Վարդանյանն անդրադարձավ նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հայտարարությանը շաքարավազի արտադրության ոլորտում մենաշնորհի վերաբերյալ, որը մեծ աղմուկ էր բարձրացրել: «Արծվիկ Մինասյանը ձեզ համար եղել է ամենահրապարակային գործիչներից մեկը: Տնտեսական քաղաքականության մասով նրանից ավելի պրոֆեսիոնալ, հետևողական այլ քաղաքական գործիչ ես չգիտեմ: Սակայն նրա մի արտահայտությունից որոշ լրագրողներ և հանրության մի հատված կախվեցին և փորձեցին Արծվիկին դարձնել իր տեսակի հակառակը: Հանրությունը շատ լավ ճանաչում է Արծվիկին, գնահատում է նրան, սակայն կա մի մոտեցում, որ մարդուն մի արտահայտության համար շուռ տալ ամեն ինչ: Իրականում Արծվիկը ոչ մի սխալ բան չի ասել: Արծվիկն ասել է այն, ինչ կա մեր Սահմանադրության մեջ: Նա ասել է, որ մենաշնորհները պետք է կանոնակարգվեն օրենքով: Այսօր մեր իրականության մեջ մենաշնորհները կամ գերիշխող դիրքի չարաշահումները կան, բայց դրանք որևէ կանոնակարգման չեն ենթարկվում, օրենսդրական կարգավորման չեն ենթարկվում, պատասխանատվություն չեն ենթադրում: Գուցե, օրինակը շաքարավազի հետ կապված մի փոքր սխալ է բերել, բայց ամենապրոֆեսիոնալ գնահատականն է տվել, և այդ ուղղությամբ այսօր էլ գիշեր ցերեկ աշխատում են»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում