Թուրքիայում զինծառայողներ են ձերբակալվել

Թուրքիայում Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդների դեմ իրականացվող գործողությունների շրջանակում նոր ձերբակալություններ են իրականացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, «Իզմիրում ռազմական լրտեսության» գործով 10 տարբեր շրջաններում նոր գործողություններ են անցկացվել:

Դրանց հետևանքով ձերբակալվել են 6 զինծառայողներ, այդ թվում և երեք մայոր ու երկու պաշտոնաթող ծովակալ:

«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը քարոզում է արդի իսլամ: Այն հարյուրավոր դպրոցներ ունի աշխարհի բազմաթիվ իսլամական երկրներում, այդ թվում` Թուրքիայում: Մինչ վերջերս այն համարվել է Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի քաղաքական հենարանը: Շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսո ւթյուն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն: Ֆեթուլլահ Գյուլենը, ով 1999 թվականից որպես վտարանդի բնակվում է ԱՄՆ-ում, մեծ ազդեցություն ունի թուրքական կառավարության և ուժային կառույցների վրա:

Նախկին համախոհներ Ֆեթուլլահ Գյուլենի և Էրդողանի միջև հակասությունը վերածվել է թշնամանքի այն բանից հետո, երբ 2013 թվականի դեկտեմբերի կեսերին բացահայտվել են թուրքական կառավարության անդամների, ինչպես նաև Էրդողանի, նրա զավակների և մերձավորների անմիջական մասնակցությամբ խոշոր կոռուպցիոն գործարքներ: Համացանցում հայտնվել են այդ գործողությունները փաստող հեռախոսային զրույցների ձայնագրություններ: Դրանից հետո Էրդողանը հայտարարել է, որ ձայնագրությունների հետևում կանգնած է Ֆեթուլլահ Գյուլենի «համայնքը», որը ցանկանում է տապալել իր կառավարությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում