Հենրիխ Մխիթարյան․ Կարծում եմ՝ հեշտ կլինի խաղալ Իբրահիմովիչի հետ

Ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «The Telegraph» պարբերականին տված հարցազրույցի թարգմանությունը։

***

20 տարի է անցել Համլետ Մխիթարյանի մահվանից։ Հիմա սիրելի հոր մասին հիշողությունները հայ կիսապաշտպանին ոգեշնչում են «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հաջողությունների հասնելու հարցում։

«Նա իմ շարժիչ ուժն էր, իմ մոտիվացիան։ Երբ ես շատ փոքր էի, նա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր։ Միշտ երազում էի նրա հետ մարզվելու մասին։ Հետո երբ ընտանիքիս հետ վերադարձավ Հայաստան, սկսեցի երազել նրա աշխատանքը շարունակելու և ֆուտբոլիստ դառնալու մասին։ Նրա մահը ողբերգություն էր, սակայն կյանքը շարունակվում է։ Ես պարզապես հույս ունեմ, որ նա երկնքից նայում է ինձ և հպարտանում է։ Փորձում եմ ամեն ինչ անել, որ նա հպարտ լինի ինձանով»,-պատմում է Հենրիխը։

Համլետ Մխիթարյանը ֆրանսիական «ASA Issy» թիմում էր հանդես գալիս, երբ նրա մոտ հիվանդություն հայտնաբերեցին։ Նա կնոջ՝ Մարինայի, որդու՝ Հենրիխի և դստեր՝ Մոնիկայի հետ Երևան վերադարձավ բուժում անցնելու համար, սակայն մեկ տարվա ընթացքում երեք վիրահատությունները դրական արդյունք չտվեցին։

«Պատանեկության տարիներին մեկ անգամ չէ, որ դիտել եմ նրա խաղերի տեսագրությունները, բայց այդ ժամանակվանից ի վեր ֆուտբոլը շատ է փոխվել։ Հիմա էլ եմ տեսագրություններ դիտում, սակայն միայն նրա խաղը հիշելու համար։

Ցավալի է, քանի որ նա իր խորհուրդներով և աջակցությամբ կարող էր օգնել ինձ։ Նրա մահն ինձ ստիպեց արագ մեծանալ, բայց առանց հայր մեծանալը շատ բարդ է։ Բարդ է, երբ տանը չկա տղամարդ, ով քեզ ուղղություն ցույց կտա, կարգուկանոն կսովորեցնի։ Սակայն, մայրս ինձ համար դարձավ նաև հայր։ Դրա համար շատ շնորհակալ եմ նրան և բոլոր այն մարդկանց, ովքեր այդ դժվարին շրջանում իմ կողքին էին»,-ասում է Մխիթարյանը։

Հենրիխ Մխիթարյանի մայրն աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ քույրը՝ ՈւԵՖԱ-ում։ Նրա ֆուտբոլային ընտանիքը կարող է հպարտանալ դաստիարակած տղամարդով․ Հենրիխն ավելին է, քան մտածող ֆուտբոլիստը, ով նախորդ մրցաշրջանում 55 գոլ է կազմակերպել և ճանաչվել է Բունդեսլիգայի լավագույն խաղացող։ Խելացի, հմայիչ, 27-ամյա Հենրիխը նաև պոլիգլոտ է՝ խոսում է 6 լեզվով, ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, հեռակա տնտեսագիտություն է ուսանում Սանկտ-Պետերբուրգի համալսարանում։

Հենրիխ Մխիթարյանն իսկապես մտածող ֆուտբոլիստ է, և Մոուրինյուն նրան համարում է արագ գրոհների կազմակերպման հարցում կենտրոնական խաղացող։ Մխիթարյանը կարող ուժեղացնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակման գիծը, որը Լուի վան Գալի օրոք անօգնական տեսք ուներ։ Դա չի նշանակում, թե Մխիթարյանը կարծում է՝ ամեն ինչ որոշված է։ Նա տեղյակ է, թե «Մանչեսթեր Յունայթեդում» ինչպիսի դժվարություններ է ունեցել Սինձի Կագավան, ով «Բորուսսիա» վերադարձավ՝ չկարողանալով հաջողության հասնել «Օլդ Թրաֆֆորդում»։ Հենրիխը պետք է ճապոնացուց լավ պատրաստ լինի Պրեմիեր լիգայի դժվարություններին, զինվի արագությամբ, դաշտը տեսնելու կարողությամբ, մեծաթիվ խնդիրներ ստեղծի անգլիացի պաշտպանների համար։

«Ես երբեք խոստումներ չեմ տալիս։ Ես ասում եմ՝ կփորձեմ։ Երբ խոստումներ եք տալիս, բայց չեք կարողանում դրանք կատարել, սկսում եք ճնշում զգալ։ Ես ցանկանում եմ ամեն ինչ անել նոր մակարդակի հասնելու համար։ Երբ Դորտմունդում խոսում էինք Մանչեսթերի մասին, Սինձին դրական էր արտահայտվում․ այդ ամենը ևս ինձ տպավորել է։ Պարզապես պետք է փորձեք ձեր լավագույն որակները ցույց տալ, հակառակ դեպքում այստեղ չեք մնա»,-ասում է Մխիթարյանը։

Մխիթարյանը կրկնում է այն խոսքերը, որոնք իրեն ասել է Մոուրինյուն․ «Այն, որ գնել են իմ տրանսֆերը, ինձ համար խաղաժամանակի երաշխիք չէ։ Ես պետք է անեմ ինձանից կախված ամեն ինչ, որպեսզի խաղալու հնարավորություն ստանամ»։

Հենրիխ Մխիթարյանը նաև հույս ունի, որ գոլային փոխանցումներ կապահովի նորեկներից Զլատան Իբրահիմովիչի համար։

«Նա զարմանահրաշ ֆուտբոլիստ է։ Նրա անունն ամեն ինչ ասում է։ Կարծում եմ՝ Իբրահիմովիչի հետ խաղալը հեշտ կլինի, քանի որ նա բարձրակարգ ֆուտբոլիստ է։ Նա կհեշտացնի ոչ միայն իմ, այլ ամբողջ թիմի աշխատանքը»,-ասում է Մխիթարյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում