Ես ու տառականը
Կարդացեք նաև
Օրերս առավոտյան կողմ մտա խոհանոց ու հանկարծ դեմս դուրս եկավ մի դեղին գույնի, բավականին խոշոր խավարասեր: Ես միշտ գերադասել եմ տառական բառը: Դա ավելի լավ է արտացոլում մեր գարշանքն ու զզվանքը այդ միջատի նկատմամբ, իսկ խավարասերի մեջ ոչ մի վանող բան չկա: Դե մի մեծ բան չէ, ընդամենը մի միջատ է, որը խավար է սիրում:
Եվ այսպես մտա խոհանոց ու մի պահ անակնկալի եկա: Վաղուց տառական չէի տեսել: Մի ակընթարթ ես ու այդ տարաբախստ տառականը իրար նայեցինք: Թե նա ի՞նչ էր մտածում հայտնի չէ, բայց ես առանձնապես երկար չմտածեցի ու մինչ տառականը կփորձեր ճողոպրել դեպի պլենդուզը, հողաթափս հեռահար ճշգրտության հրթիռի պես հայտնվեց ուղիղ տառականի ճակատին: Բայց պարզվեց, որ դա իմ մեծագույն սխալն էր: Մարտավարական տեսանկյունից գուցե ես հաղթեցի, բայց ռազմավարական առումով միանշանակ պարտվեցի: Մինչ ես հիացած իմ նշանառուի բացառիկ տաղանդով, պատրաստվում էի այդ տառականի դիակը վերացնել տեսադաշտից, հետևից լսեցի մի գոռոց ու մի աղիողորմ լաց: Դժբախտաբար չէի նկատել, որ աղջիկս անաղմուկ մոտեցել է ու նայում է իմ դատ ու դատաստանին:
Մեղք էր տառականը, հեծկլտոցներին զուգահեռ ասում էր աղջիկս: Ես փորձում էի նրան հանգստացնել, բայց…մեղք էր տառականը հիմար, ինչի՞ սպանեցիր: Ցանկանում էի երեխային բացատրել, սկզբից արդարանալով իբր տառականները լավը չեն ու մարդ դրանց որտեղ հանդիպում է, պետք է սատկացնի: Բայց անօգուտ…մեղք էր տառականը, հիմար: Հետո սկսեցի հեքիաթ հորինել, իբր տառականը չի սատկել, այլ ընդամենը քնել է ու ես հիմա նրան կտանեմ, կնետեմ համապատասխան մի վայր, որտեղից նա կարող է գնալ ընկերների մոտ: Բայց որևէ կերպ երեխային հանգստացնել չէի կարողանում ու լուռ ու մունջ կուլ էի տալիս իմ հասցեին ուղղված վիրավորանքները: Բանը հասավ այնտեղ, որ ես սկսեցի ինձ իրոք մեղավոր զգալ: Ո՞վ եմ ես, ի՞նչ հրեշ եմ, որ սառնասրտորեն սպանում եմ մի անմեղ միջատի: Իվերջո ի՞նչ էր արել ինձ այդ տառականը, ոչինչ: Խեղճն իր համար իր ճամփով գնում էր, գուցե նա նույնպես ուներ երազանքներ, ուներ տուն, տեղ, ընտանիք ու շտապում էր իր ճուտիկների մոտ: Իսկ ես վերցրեցի ու իմ մեկ տարվա հնություն ունեցող չստերով խեղճին դաջեցի մետլախին: Գուցե նա առհասարակ մեր տանը բնավորվելու միտք չուներ, գուցե մեր տունը նրա համար սոսկ մի տրանզիտ միջանցք էր, որտեղից պետք է տեղափոխվեր մեկ այլ վայր, իսկ ես…Աղջիկս այնպես ինքնամոռաց էր խղճում այդ հիրավի խեղճ տառականին, որ ես սկսեցի ներողություն խնդրել, սկսեցի հազար ու մի խոստումներ տալ, խոստացա դարձի գալ ու դառնալ տառականների ջերմ պաշտպան:
Ինչևէ, ինչպես ցանկացած վիշտ անցողիկ է, այդպես էլ աղջիկս սկսեց հետզհետե հանգստանալ ու ի վերջո ինձ ներեց: Հենց զգացի, որ ներված եմ, թեթևացած շունչ քաշեցի, բայց այստեղ ինձ համակեց զայրույթը, որն առաջացել էլ վիրավորանքից: Ո՞նց, ուրեմն չկամ, չկամ մի տառականի չափ էլ չկամ: Ուրեմն մի ինչ որ քռչոտ տառականի համար իմ սեփական երեխան ինձ անվանի հիմա՞ր: Տո էդ բոլոր տառականներին պետք է քոքից վերացնել: Ուրեմն երեխա ունենաս, օր ու գիշեր արթուն նստես սնարի մոտ, սրտի դողով հետևես յուրաքանչյուր բառին ու քայլին, սկսես ապրել միայն իր կյանքով ու իր համար ու հանկարծ հայտնվի մի ինչ որ զազրելի միջատ ու սեպ խրի ձեր մե՞ջ: Իհարկե լավ բան է, որ երեխան ունի այդ աստիճան հոգատար ու զգայուն սիրտ, բայց ես չեմ ուզում լինել հիմար միայն այն պատճառով, որ սատկացրել եմ մի ինչ որ տառականի: Պարզապես ճակատագիրն այնպես կամեցավ, որ ես, երեխան ու տառականը միաժամանակ հայտնվեինք նույն վայրում:
Ու հիմա էլ ես չէի հանգստանում: Լավ, կարելի է երեխան բարկանա ծնողի վրա, բայց մի ինչ որ տառականի պատճառո՞վ: Այդպես անտրամադիր նստած էի անտեղյակ վերահաս մի նոր տեսարանից: Երբ աղջիկս ինձ տեսավ այդպես սրտնեղած, սկսվեց լացի մի նոր պոռթկում: Մեղք էր պապան, որ իրեն ասեցի հիմար: Հիմա էլ սկսեցի հանգստացնել, որ ամեն ինչ նորմալ է, որ պետք չէ լացել, քանի որ պապան չի նեղացել: Բայց չէ…մեղք էր պապան: Մի խոսքով ես մի կերպ նրան հանգստացրեցի ու ուզում էի ուրախանալ, որ արժանացա աղջկաս ներմանն ու խղճահարությանը, գուցեև զղջմանը ինձ հիմար անվանելու համար, բայց մի անսպասելի միտք սառը ջուր լցրեց իմ դեռևս ոչ լրիվ հասունացած ուրախության վրա:
Փաստորեն աղջիկս ինձ ու տառականին խղճում էր հավասարապես: Փաստորեն նա այնքան զգայուն խիղճ ունի, որ իդժբախտություն ինձ, ես ու տառականը գտնվում ենք նույն հարթության վրա ու նա ինձ համար լացեց ճիշտ այնպես ու այնքան, որքան այդ տառականի:
Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում