Ի՞նչն է միավորում «Միլանին», ՊՍԺ-ին, «Յուվեին», «Մալագային» և «Լեսթերին»

«Լեսթերը» դարձել է Չեմպիոնների լիգայում նորամուտը նշած հինգերորդ թիմը, որը կարողացել է խմբային փուլի մեկնարկային 3 խաղում 3 հաղթանակ տանել: Տեսնենք, թե ինչպե՞ս է դասավորվել նրան նախորդ թիմերի ճակատագիրը:

1992-93թթ․ մրցաշրջան, «Միլան» (եզրափակիչ)

«Միլանը» ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում իր համար դեբյուտային մրցաշրջանում խմբային փուլի 6 խաղում նույնքան հաղթանակ տարավ և ընդամենը 1 գնդակ բաց թողեց: Ֆաբիո Կապելոյի թիմը գերազանցեց «Գյոտեբորգին» (4:0, 1:0), ՊՍՎ-ին (2:1, 2:0) և «Պորտուին» (1:0, 1:0): Եզրափակչում, սակայն միլանցիների բախտը չբերեց և Բազել Բոլիի գլխով կատարած հարվածը հաղթանակ բերեց «Օլիմպիկին»:

1994-95թթ․ մրցաշրջան, «Պարի Սեն Ժերմեն» (կիսաեզրափակիչ)

Փարիզյան թիմը խմբային փուլում կատարյալ արդյունք ցույց տվեց․ կարողացավ շրջանցել «Բավարիային» (2:0, 1:0), Մոսկվայի «Սպարտակին» (2:1, 4:1) և Կիևի «Դինամոյին» (2:1, 1:0), 1/4 եզրափակչից դուրս թողեց «Բարսելոնային», բայց կիսաեզրափակչում չկարողացավ դիմակայել գործող չեմպիոն «Միլանին»:

1995-96թթ․ մրցաշրջան, «Յուվենտուս» (չեմպիոն)

Թուրինցիները մեկնարկային խաղերում 4 հաղթանակ տարան: Նրանք գերազանցեցին «Ռեյնջերսին» (4:1, 4:0), Դորտմունդի «Բորուսսիային» (3:1) և «Ստյաուային» (3:0): Վերջին երկու հանդիպումներում «Յուվենտուսն» ընդամենը 2 միավոր վաստակեց, իսկ 1/4 եզրափակչում երկու խաղի արդյունքում հաղթեց «Ռեալին»: Հաջորդ «զոհը» «Նանտն» էր, իսկ արդեն եզրափակչում Լիպիի թիմը հաղթեց «Այաքսին»։

2012-13թթ․ մրցաշրջան, «Մալագա» (1/4 եզրափակիչ)

Անդալուզցիները հիանալի մեկնարկ ապահովեցին և հերթականությամբ հաղթեցին «Զենիթին» (3:0), «Անդերլեխտին» (3:0), «Միլանին» (1:0): Դրանից հետո 3 խաղ ոչ-ոքի հաշվով ավարտեցին: Մանուել Պելեգրինիի թիմը 1/8 եզրափակչում, չնայած արտագնա խաղում նվազագույն տարբերությամբ կրած պարտությանը, պայքարից դուրս թողեց «Պորտուին»: «Մալագայի» հաջորդ մրցակիցը Դորտմունդի «Բորուսսիան» էր:

Իսպանիայում չոր ոչ-ոքիից հետո անդալուզցիները մրցակցի հարկի տակ հաղթում էին 2:1 հաշվով: Երկրորդ խաղակեսի լրացուցիչ ժամանակն էր ընթանում, երբ Մարկո Ռոյսն ու Ֆելիպե Սանտանան գրավեցին Վիլի Կաբալյերոյի դարպասը՝ դորտմունդյան թիմին հաղթանակ պարգևելով։ Այդ դրամատիկ հանդիպումը դառը հիշողություններ է թողել «Մալագայի» երկրպագուների մոտ։

Բարդ է ասել՝ ինչպիսի՞ն կլինի «Լեսթերի» ճակատագիրը, չէ՞ որ նախորդ մրցաշրջանում էլ ոչ ոք չէր սպասում, որ Կլաուդիո Ռանյերիի թիմը կդառնա Անգլիայի չեմպիոն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում