«Ռեալ»-«Բորուսսիա»․ ռեկորդային հանդիպում Զիդանի և դորտմունդյան թիմի համար

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի՝ «Ռեալ» – «Բորուսսիա Դորտմունդ» հանդիպումն ավարտվեց 2։2 հաշվով։

Այս ոչ-ոքիի շնորհիվ մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կրկնեց լեգենդար Լեո Բենհակերի ռեկորդը։ Ֆրանսիացի մասնագետի գլխավորությամբ «Ռեալն» արդեն 34 հանդիպում է՝ չի պարտվել։ Բենհակերի գլխավորած «Ռեալը» նման արդյունք գրանցել է 1988-89թթ․ մրցաշրջանում։ Եթե Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի՝ «Դեպորտիվոյի» հետ դեկտեմբերի 10-ին կայանալիք խաղում ևս «Ռեալը» չպարտվի, Զիդանը՝ որպես մարզիչ, նոր ռեկորդ կսահմանի։ 

Նշենք, որ իսպանական թիմերի շրջանում անպարտելիության ռեկորդային ցուցանիշը պատկանում է «Բարսելոնային», որը 2015-16թթ․ մրցաշրջանում չի պարտվել 39 խաղում։

«Սանտյագո Բեռնաբեուում» կայացած հանդիպումը ռեկորդային էր նաև «Բորուսսիայի» համար։ Մարկո Ռոյսի՝ 88-րդ րոպեին խփած գոլը դորտմունդյան թիմի համար 21-րդն էր խմբային փուլում։ Սա մրցաշարի խմբային փուլի նոր ռեկորդ է։ 2013-14թթ․ մրցաշրջանի խմբային փուլում «Ռեալը» 20 գոլ էլ խփել, 20-ական գոլ խփել են նաև «Բարսելոնան» (2011-12թթ․ և 2016-17թթ․ մրցաշրջաններ) և «Մանչեսթեր Յունայթեդը» (1998-99թթ․ մրցաշրջան)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում