Գործազրկությունից դեպի ինքնազբաղվածություն

Ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ, ՀՀ զբաղվածության պետական գործակալությունում հաշվառված է 95.8 հազար աշխատանք փնտրող, որոնցից 80.8 հազարը` շուրջ 84.4 տոկոսը, գործազուրկ է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշներն աճել են համապատասխանաբար 8.2 և 5.6 տոկոսով:

Հատկանշական է, որ աշխատաշուկայում անմրցունակ անձանց թիվը կազմում է 91.6 տոկոս, իսկ մեկ թափուր աշխատատեղի հաշվով աշխատանք փնտրողների թվաքանակը հասնում է 50-ի:

Փաստ է, որ գործազուրկների շարքերը կհամալրվեն պետական ապարատի օպտիմալացման արդյունքում գործազուրկ դարձածներով: Ինչպես գիտենք, օպտիմալացման գործընթացը ուղղված է պետական ծախսերի կրճատմանը, ինչը պետության կողմից կիրառվող գործիք է տնտեսական ծանր վիճակից դուրս գալու համար: Իհարկե, խնայողություն անելը ռացիոնալ մոտեցում է, բայց միայն խնայողությամբ զարգացում չես ապահովի: Տնտեսության աշխուժացումը, ներդրումների ներգրավումը, նոր աշխատատեղերի ստեղծումը ուղակի հրամայական է, գերխնդիր որը դրված է կառավարության առջև: Այս խնդիրների լուծումը պետք է սկսվի գործարարությունը գրավիչ, իսկ ռիսկերը չափավոր դարձնելու, ստվերային հատվածում մնալու աննպատակահարմարության պայմաններ ստեղծելու քաղաքականությամբ: Այլ կերպ ասած՝ անհրաժեշտ է տնտեսական կյանքի խաղի կանոնների վերանայում: Իսկ վերջինս, ինչպես գիտենք, ամրագրվում է հարկային և մաքսային օրենսդրությամբ: Այդ իսկ պատճառով, փոփոխությունները պետք է սկսել արդեն իսկ ընդունված հարկային օրենսգրքից: Իսկ մինչ այդ ունենք լուծումներ, որոնք հարցեր են կարգավորում, բայց խորքային, համակարգային լուծումներ չեն տալիս:

Վերջերս խորհրդարանը ընդունեց «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների տրամադրման մասի» ՀՀ օրենքը, որով սահմանվեց ինքնազբաղված անձանց շրջանակը և գործունեության տեսակների ցանկը: 2017 թվականի հունվարի 1-ից հարկային արտոնյալ ռեժիմում կլինեն հետևյալ գործունեության տեսակները՝ հագուստի, գլխարկների, ոչ թանկարժեք զարդերի, գորգերի արտադրություն և նորոգում, կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում, ուսուցման դասընթացներ, ստեղծագործական գործունեություն, խնջույքավարների գործունեություն, ինչպես նաև զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում և այլն: Արտոնությունից կարող են օգտվել միայն ինքնազբաղված, այսինքն այլ վարձու աշխատող չունեցող անձիք: Պետք է նշենք, որ մինչ այժմ նման հնարավորությոն ընձեռվում եր «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով, սահմանված արտոնագրային վճարի վճարման պայմանով: Այսուհետ ինքնազբաղված անձիք կարող են ծավալել գործունեություն, հարկային մարմնից ստանալով ՀՎՀՀ (հարկ վճարողի հաշվառման համար) ազատված լինելով հարկումից և արտոնագրային վճար վճարելու պարտավորությունից:

Հաշվի առնելով այդ վճարների մասով պետական բյուջե ապահովված ոչ էական մուտքերը, ինքնազբաղված անձանց ծավալած գործունեության առավել սոցիալական, քան տնտեսական բնույթը, կառավարության նախաձեռնությունը ողջունելի և կշռադատված է: Հատկապես եթե հաշվի առնենք, որ վիճակագրության համաձայն, գործազուրկների միայն 15 տոկոսն է տեղավորվել աշխատանքի, իսկ մնացած մասը հեռանկարում կամ կփորձի ինքնազբաղվածություն ապահովել, կամ կշարունակի փնտրել և սպասել, խորացնելով աղքատության ցուցանիշը, կամ էլ կարտագաղթի, տանելով երկրից իր չիրացված ներուժը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում