«Մանչեսթեր Յունայթեդը» 6-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Վեսթ Հեմին» և վեցերորդ անընդմեջ հաղթանակը տոնեց։

Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին կեսում թիմերն առանձնապես չտպավորեցին․ հիշարժան էր 15-րդ րոպեին Սոֆիան Ֆեգուլիի՝ Ջոնսի նկատմամբ կանոնները խախտելու համար ստացած կարմիր քարտը։

Ունենալով թվային առավելություն՝ «կարմիր սատանաները» հաշիվը բացեցին միայն 63-րդ րոպեին․ աչքի ընկավ Խուան Մատան։ 78-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչը երկրորդ գնդակն ուղարկեց Դարեն Ռենդոլֆի պաշտպանած դարպասը և ձևակերպեց վերջնական հաշիվը։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում էր, սակայն 65-րդ րոպեին Ժոզե  Մոուրինյուն նրա փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Քրիս Սմոլինգին։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 39 միավոր և շարունակում է զբաղեցնել 6-րդ հորիզոնականը, իսկ «Վեսթ Հեմը» մնաց 22 միավորով 13-րդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 20-րդ տուր

«Վեսթ Հեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0։2
Գոլերը՝ Մատա 63՛, Իբրահիմովիչ 78՛
Հեռացում՝ Ֆեգուլի 15՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում