Սամաթիայի հանցագործությունների կասկածյալը ձերբակալվել է
Նմանատիպ
Ստամբուլի Սամաթիա թաղամասում վերջին ամիսներին տարեց հայուհիների վրա պարբերաբար հարձակումներ կատարած անձը ձերբակալվել է: Այս մասին հաղորդում է «Ermenihaber.am» լրատվական կայքը՝ հղում անելով թուրքական «Hurriyet» պարբերականին:
Տեղեկատվության համաձայն՝ շրջանառվում է այն վարկածը, թե 40-ամյա Մուրադ Ն.-ի հարձակումների և բռնությունների նպատակը եղել է կողուպուտը: Թուրքական մամուլում հայտնված լուրերում նշվում է, թե իբր Մուրադ Ն.-ն արմատներով հայ է:
Հիշեցնենք, որ միայն վերջին ամիսներին Սամաթիա թաղամասում հարձակման է ենթարկել և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 4 հայ կին: Իսկ 84-ամյա հայուհի Մարիցա Քյուչուքը դաժանորեն սպանվել էր սեփական բնակարանում:
Այս դեպքերի առնչությամբ թուրքական մամուլում հայտնվել են բազմաթիվ հոդվածներ, որոնցում նշվում է, թե կան ապացույցներ, որ հանցագործությունները կատարվել են ոչ թե կողոպուտի նպատակով, այլ ատելության հողի վրա: Մինչդեռ Սամաթիայի հայությունը բազմիցս հայտնել է իր անհանգստությունն այն առումով, որ քանի դեռ Թուրքիայում «հայ» բառը որպես հայհոյանք է ընկալվում ու գործածվում, այնքան էլ շարունակվելու են նմանօրինակ հանցագործությունները:
Հետևաբար միանգամայն հիմնավոր կարելի է ենթադրել, որ հանցագործության կասկածյալին հայկական ծագում վերագրելը հատուկ դիտավորությամբ է արվում և ունի հակահայ դրսևորումները քողարկելու հստակ միտում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում