Չեխիայի ԱԳ նախարար. Ադրբեջանում մարդիկ ապրում են դիկտատուրայի պայմաններում
Նմանատիպ
Փետրվարի 4-ի երեկոյան Պրահայի Սուրբ Աննիշկա եկեղեցում տեղի ունեցավ չեխական հայտնի ,,Մեկ աշխարհ,, կինոփառատոնի շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում տրվող Homo Homini մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը։ Ինչպես տեղեկացնում է Պրահայում լույս տեսնող «Օրեր» պարբերականը, մրցանակը տրվում է կինոփառատոնի կազմակերպիչ ,,Մարդը կարիքի մեջ,, կազմակերպության կողմից։ Այս տարի այդ պատվավոր մրցանակին արժանացավ ադրբեջանցի հայտնի փաստաբան եւ իրավապաշտպան Ինդիգամ Ալիեւը։ Հանձնելով մրցանակը Չեխիայի փոխվարչապետ, արտգործնախարար Կարել Շվարցենբերգը խորհրդանշական համարեց, որ այս տարվա կինոփառատոնի պաշտոնական պաստառի վրա պատկերված ջայլամը լիովին ցույց է տալիս Ադրբեջանի այսօրվա վիճակը։ Ադրբեջանը նույնպես գլուխը ավազի մեջ մտցրրած խոսում է մարդու իրավունքների մասին, ասաց արտգործնախարարը։
Նա նշեց, որ մրցանակը տրվում է մի մարդու, ով դիկտատուրայի պայմաններում պայքարում է մարդու իրավունքների համար։
,,Մարդը կարիքի մեջ,, կազմակերպության ներկայացուցիչ Յան Կամինսկին բարձր գնահատեց Ինդիգամ Ալիեւի կատարած խիզախ աշխատանքը, նշելով, որ նա պաշտպանելով քաղաքական գործիչների ու լրագրողների շահերը, իր կյանքը նույնպես վտանգի տակ է դրել։
Այնուհետեւ խոսեց նաե Ինտիգամ Ալիեւեը, նախ շնորհակալություն հայտնելով տրված մրցանակի համար, իսկ հետո նաեւ ներկայացրեց Ադբեջանում տիրող իրավիճակը ժողովրդավարության ու մարդու իրավունքների բնագավառում։ Նա խոսեց այն աղմուկ հանած դատական գործերի մասին, որոնցում ինքը հանդես է եկել իբրեւ փաստաբան։
Ապա նա հարց ուղղեց, թե ինչո՞ւ է Եվրոպան աջակցում նման ավտորիտար ռեժիմին, որը միլիոնավոր դոլարներ է ծախսում Եվրատեսիլ անցկացնելու համար, բայց հազարավոր գյուղեր մնում են առանց ջրի ու էլեկտրաէներգիայի։
Երեկոյի ընթացքում նաեւ ելույթ ունեցավ կուբացի իրավապաշտպան Յոհաննա Չեզը, ով ներկայացրեց կուբայում մարդու իրավունքների հետ կապված վիճակը։
Թատերական փոքր ներկայացումից հետո մի հատված ցուցադրվեց անգլիացի ռեժիսոր Լիզ Մերմինի ,,Զարմանահրաշ Ադրբեջան,, ֆիլմից, որը կցուցադրվի նաեւ ,,Մեկ աշխարհ,, կինոփառատոնի շրջանակներում։ Ֆիլմը ցույց է տալիս մարդու իրավունքների վիճակն Ադրբեջանում եւ թե ինչպիսի աղքատություն ու թշվառություն է տիրում արտաքին շքեղության հետեւում, ինչպես է միջազգային հանրությունը վերաբերում այդ ամենին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում