Եվրամիության փակ դռները Թուրքիան կարող է բացել եվրոյի գոտուն միանալով

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Եվրոպական միության անդամ դառնալու դեպքում Թուրքիան պետք է եվրոն ընդունի որպես իր ազգային արտարժույթ: Թուրքական ԶԼՄ-ի տեղեկացմամբ, դա, ամենայն հավանականությամբ, կդառնա Թուրքիայի’ ԵՄ-ին անդամակցության մասին բանակցություններում պայմաններից մեկը:

Թուրքիայի առաջ Բրյուսելի կողմից նման պայմանը առաջին հայացքից փոքր ինչ տարօրինակ է այն պատճառով, որ ԵՄ ոչ բոլոր անդամներն են մտնում եվրոյի գոտու մեջ: Իրենց ազգային արտարժույթն օգտագործել շարունակող երկրներից են Մեծ Բրիտանիան եւ Շվեդիան: Ավելին, համաշխարհային ճգնաժամից հետո, որից Եվրոպան մինչ այժմ դեռ ոտքի չի կանգնել, ԵՄ անդամ որոշ երկրներ մտադրվել են եվրոպական արտարժույթից հրաժարվելու եւ ազգային դրամական միավորներին վերադառնալու մասին:

ԵՄ ակնհայտ դեմ է Թուրքիայի անդամակցությանը և նորանոր անլուծելի խնդիրներ է դնում Թուրքիայի առաջ’ կանխելու անդամակցության գործընթացը: Եթե մինչ այդ Թուրքիային ԵՄ ընտանիքի մեջ չընգրկելու հիմնական պատճառներից մեկը Կիպրոսի չլուծված խնդիրն էր, ապա Ստամբուլում վերջերս կայացած Հունաստանի և Թուրքիայի վարչապետներ Անտոնիո Սամարասի և Ռեջեփ Թայիպ Էրդողանի հանդիպման արդյունքում նոր ուղիներ են որոնում հարցը լուծելու համար: Կողմերը ներկայացնում են, որպես հարցի խաղաղ կարգավորման ուղիներ, սակայն իրականում Թուրքիան փորձում է համոզել Հունաստանին’ հաշտվելու ստեղծված իրավիճակի հետ և պատմության գիրկը ուղարկելու կիպրական խնդիրը: Այսինքն’ հնարավոր է, որ կիպրական խնդիրը այլևս լծակ չդառնա ԵՄ-ի ձեռքին’ Թուրքիայի անդամակցությանը խոչընդոտելու համար:

Պետք է նկատել, որ Ֆյուլեի այս հայտարարությունը հետևեց Թուրքիայի կողմից արտահայտած այն դիրքորոշմանը, որ իրենք ԵՄ անդամ կդառնան բրիտանական մոդելով, այսինք’ չեն մտնի եվրոգոտու մեջ:

Անկարայում բացահայտ կերպով հիացած չեն այդ գաղափարով: Թե, ինչպիսի արտաքին քաղաքականություն կորդեգրի արտգործնախարար Դավիթօղլուն, որը ԵՄ անդամակցության հիմնական ջատագովներից է և ինչ զարգացումներ կլինեն, ցույց կտա միայն ժամանակը: Սակայն որոշ մասնագետների դիտարկմամբ, Թուրքիային ԵՄ անդամակցության մերժումը նպաստում է իսլամիստական տրամադրությունների ուժեղացմանը երկրում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում