ԼՂՀ ԱԺ նախագահն աշխատանքային այցով Հունաստանում է

Մարտի 7-ին շարունակվում էր ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի աշխատանքային այցը Հունաստանի Հանրապետություն, հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

«Օրվա առաջին կեսին խոհրդարանի նախագահն այցելել է Աթենքի Գալփակյան վարժարան՝ հանդիպում ունենալով կրթօջախի մանկավարժների և աշակերտության, ինչպես նաև Հայ բարեգործական ընդհանուր միության Հունաստանի գրասենյակի ղեկավար Տիգրան Աբասյանի հետ։

Հանդիպմանը քննարկվել են Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները և դրանց հետագա ամրապնդման հարցերը: Զրույցի ընթացքում Աշոտ Ղուլյանը կարևորել է «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի և այլ խողովակներով Արցախին ցուցաբերվող օգնությունը՝ երախտագիտություն հայտնելով մշտական աջակցության համար:

Այցի ծրագրի շրջանակներում ԱԺ նախագահն այնուհետև Հունաստանի խորհրդարանում հանդիպում է ունեցել խորհրդարանի նախկին նախագահ, ներկայումս ՊԱՍՈԿ սոցիալիստական կուսակցությունից պատգամավոր և Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ապոստոլոս Կագլամանիսի հետ։

Զրուցակիցները հանգամանալի քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, ղարաբաղյան կարգավորման գործընթացը և նրա հնարավոր զարգացումները, կարևորել խաղաղության պահպանման անհրաժեշտությունը՝ որպես հիմք հետագա հաջող քայլերի համար։ Արցախի խորհրդարանի նախագահը ներկայացրել է հանրապետության իշխանությունների տեսակետները երկրի քաղաքական, տնտեսական և հոգևոր-մշակութային զարգացման հարցերում, ԼՂՀ Ազգային ժողովի գործունեությունը։

Այսքանով ավարտվել են ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի՝ Հունաստան կատարած աշխատանքային այցի ծրագրային հանդիպումները»,- նշված է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում