Ամերիկացի կոնգրեսականներն աջակցում են Արցախին և հայ ժողովրդի պայքարին

Ամերիկայի հայ ազգային կոմիտեն տեղեկացնում է, որ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջուդի Չուն, Մայքլ Գրիմը, Դեվին Նյունեսը եւ Դեյվիդ Վալադաոն հանդես են եկել ղարաբաղյան ժողովրդավարական պետությանն ու հասարակությանն աջակցող հայտարարությամբ:

Համատեղ հայտարարության մեջ Դեվին Նյունեսն ու Դեվիւդ Վալադաոն նշել են. «Հայերը տարել են ոչ վաղ պատմության սարսափելի գազանությունները’ Հայոց ցեղասպանության ժամանակ միլիոնից ավելի մարդկանց ոչնչացումից մինչեւ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի պատերազմը եւ շարունակվող շրջափակումը: Ադրբեջանի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին որպես հերոս ընդունելու հանգամանքն անխիղճ թշնամության մասին հիշեցում է, որին բախվում են հայերն այսօր»:

Նյույորքցի կոնգրեսական Մայքլ Գրիմը բարձր է գնահատել առաջընթացը, որը ձեռք է բերվել երիտասարդ ԼՂՀ –ի կողմից վերջին 25 տարվա ընթացքում:

«ԼՂՀ –ի կայուն առաջընթացը բանկային, գյուղատնտեսական, հեռահաղորդակցության ոլորտներում եւս մեկ անգամ վկայում են նրա հեռանկարի մասին’ որպես միջազգային հանրության կենսունակ անկախ գործընկերոջ: Դա պայմանավորելով ԱՄՆ-ի’ որպես աշխարհում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պաշտպանի վաղեմի եւ ոչ երկիմաստ դերով, հուսով եմ, որ իմ գործընկերները կմիանան ինձ ղարաբաղյան ազատագրական շարժման 25-ամյակը տոնելու հարցում’ Հարավային Կովկասում խաղաղության, կայունության հաստատմանն աջակցելու շրջանակում»:

Մինչ ԱՄՆ Կոնգերսի անդամները պատրաստվում են նշել ղարաբաղյան շարժման 25-ամյակը հաջորդ շաբաթ Կոնգրեսի հայկական ֆորումի կողմից կազմակերպվելիք միջոցառման ժամանակ, Ադրբեջանի դեսպանատունն ու ալիեւամետ խմբերը փորձում են արգելափակել այդ իրադարձությունը խոսքի ազատության սահմանափակման միջոցով: Կապիտոլիումում աղբյուրների համաձայն, ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը Կոնգրեսի անդամներին կոչ է արել չմասնակցել այդ միջոցառմանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում