Կիմ Չեն Նամը խնդրում էր եղբորը՝ խնայել իրեն ու ընտանիքի անդամներին. Հարավային Կորեայի հետախուզություն
Նմանատիպ
Կիմ Չեն Նամը 2012 թվականին նամակ է ուղարկել իր կրտսեր եղբորը՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընին, որում խնդրել է խնայել իր եւ իր ընտանիքի անդամների կյանքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Կորեայի Հանրապետության Ազգային հետախուզական ծառայության տնօրեն Լի Բյոն Հոն խորհրդարանի պատգամավորների համար անցկացված բրիֆինգի ընթացքում:
«Կիմ Չեն Նամը Հյուսիսային Կորեայում իշխանության եկած իր եղբորը հավաստիացնում էր, որ ո՛չ ինքը, ո՛չ իր երեխաները իշխանության չեն հավակնում եւ միայն հանգիստ կյանք են ցանկանում ԿԺԴՀ-ի սահմաններից դուրս»,- նրա խոսքը լրագրողներին փոխանցել է հանդիպման մասնակիցներից մեկը:
Նա նաեւ հայտնել է, որ Կիմ Չեն Նամի նախկին կինը ներկայում որդու հետ ապրում է Պեկինում, իսկ երկրորդ կինը՝ երկու երեխաներով, գտնվում է Մակաոյում: Նրանց բոլորին թիկնապահներ են տրամադրված Չինաստանի իշխանությունների կողմից: Հետախուզության տնօրենը պատմել է, որ Կիմ Չեն Նամը երբեք չի դիմել Հարավային Կորեային իրեն ապաստան տրամադրելու խնդրանքով եւ անտեսում էր ընկերների կողմից նման խորհուրդները:
Լի Բյոն Հոն նաեւ հավաստել էր, որ ԿԺԴՀ-ի ղեկավարի ավագ եղբայրը թունավորվել է, սակայն պատահածի բոլոր հանգամանքներն առայժմ հայտնի չեն: Նա նշել է, որ ծառայությունը Մալայզիայում տեղի ունեցած միջադեպի մասին իմացել է դրա տեղի ունենալուց չորս ժամ անց:
Հետախուզությունը գտնում է, որ ԿԺԴՀ-ի հատուկ ծառայությունները Կիմ Չեն Նամին հետապնդում էին վերջին հինգ տարվա ընթացքում, երբ իշխանության եկավ նրա եղբայրը՝ Կիմ Չեն Ընը, սակայն նրանց պլաններին խանգարում էր Չինաստանի իշխանությունների կողմից տրամադրված պահակախումբը: Մարդասպանների համար հարմար վիճակ է ստեղծվել Մալայզիայի օդանավակայանում:
Կիմ Չեն Նամը ԿԺԴՀ-ի նախկին ղեկավար Կիմ Չեն Իրի ավագ որդին է, որը ծնվել է հյուսիսկորեացի հայտնի դերասանուհի Սոն Հե Ռիմի հետ արտամուսնական կապից: Կիմ Չեն Նամը մի ժամանակ համարվում էր Հյուսիսային Կորեայի ղեկավարի պաշտոնում հոր առավել հավանական հաջորդը, սակայն շնորհազրկման է ենթարկվել 2001 թվականին կեղծ անձնագրով Ճապոնիա մեկնելու փորձից հետո եւ այդ ժամանակվանից ապրում էր արտասահմանում, մասնավորապես, Չինաստանի Մակաո միջատարածքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում