Շ.Պետրոսյանի համերգը Գյումրիում հետաձգվում է

Տեղեկությունները, որ մարտի 13-ին ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի՝ Գյումրիում նախատեսված համերգը հետաձգվելու է, Շուշան Պետրոսյանը չի հերքում՝ ասելով, որ հնարավոր է:

«Սա իմ խնդիրը չէ, պարզապես չէի ցանկանա, որ իմ համերգին ինչ-որ մարդիկ բախվեն՝ անկախ նրանից տաս՞ը հոգի կլինեն, թե ավել»,–Tert.am–ի հետ զրույցում ասաց նա:

«Թեպետ ինձ հայտնի է, որ տասներեք հոգի վաղը ցանկանում են խաղաղ ցույց անել: Բայց կարծում եմ, որ նման տրամադրությունների դեպքում բախումներն անխուսափելի են և որպեսզի իմ նկատմամբ անհիմն մեղադրանքների շարանը չավելանա ևս մեկով, կարծում եմ՝ հետաձգենք, մինչ մարդիկ ավելի խաղաղ տրամադրություններ կունենան»,- ավելացրեց երգչուհին։

Սոցիալական ցանցերում շրջանառվում է տեղեկություն, որ «Բարև Գյումրի» քաղաքացիական շարժումը վաղը պատրաստվում է «Էրթաս Բարով» ակցիա կազմակերպել Շուշան Պետրոսյանի դեմ:

Ինչպես հաղորդում է Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբը, ժամը 18:00-ից սկսած նախաձեռնության անդամները նախատեսել էին հավաքվել Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնի մուտքի մոտ՝ բարևելու ներկա քաղաքացիական անձանց, ոստիկաններին և մինչ համերգի սկիզբը պատրաստելու Գյումրի քաղաքին վերաբերող «խնդիրների գորգ»:

Ավելի վաղ էլ ակտիվիստներից մեկը հայտնել էր, որ Շուշան Պետրոսյանին Գյումրիում սպասում է շատ սառը ընդունելություն և «խիյար և սապոն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում