Թուրք փաստաբան. «Մուրադ Նազարյանը վախենում է, որ իրեն կսպանեն հայ լինելու համար»

Panorama.am-ը հղում անելով թուրքական աղբյուրներին` գրում է Ստամբուլի Սամաթիա թաղամասում հայերի հանդեպ տեղի ունեցած ոտնձգությունների ու բռնությունների մասին:

Ըստ աղբյուրի` Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» Ստամբուլի գրասենյակի այլատյացության և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովի անդամ, փաստաբան Էրեն Քեսքինը հանդիպել է Ստամբուլի Սամաթիա թաղամասում տարեց հայուհիների վրա հարձակումներ գործելու մեջ մեղադրվող Մուրադ Նազարյանի հետ:

Փաստաբանը հանդիպումից հետո կազմակերված մամուլի ասուլիսում ներկայացրել է հանդիպման մասին իր տպավորությունները:

Նա պատմել է, որ Նազարյանը ծանր հոգեկան վիճակում է եղել և կարծիք հայտնել, որ նա այդ հանցագործությունները միայնակ կատարել չէր կարող’ հաշվի առնելով նրա ֆիզիկական և հոգեկան ծանր վիճակը:

«Մուրադ Նազարյանը տեսակցության սենյակ գալուց հետո անդադար լաց էր լինում: Իմ կարծիքով նա հիվանդ մարդ է: Նա ինձ ասաց. «Շատ եմ վախենում, ինձ ուրիշ բանտախուց թող չտանեն: Ինձ կսպանեն»: Նա վախենում է, որ իրեն կսպանեն հայ լինելու համար: Վիճակը շատ վատ էր: Իսկ երբ հարցրեցի’ դու՞ ես արել, ասաց. «Ոչինչ չեմ հիշում: Ես ոչ մեկի նույնիսկ չեմ ապտակել: Ոչ մեկի չեմ ծեծել: Սակայն, եթե ոստիկանությունը այդպես է ասում, ուրեմն նման բան եղել է: Ես ոչ մի բան չեմ հիշում»: Իմ տպավորությամբ’ հնարավոր է, որ այդ հանցագործությունները նա չի արել: Եթե նույնիսկ արել է, ապա նա դա մենակ միանշանակ չէր կարող անել»,-պատմել է թուրք փաստաբանը:

Քեսքինը հայտնել է, որ Նազարյանի առողջական վիճակը պետք է դատաբժշկական խորհրդի կողմից հստակեցվի: Խորհուրդը պետք է պարզի, թե մեղադրյալի հոգեկան վիճակը թույլ տալիս էր արդյոք, որ վերջինս միայնակ իրականացներ այս հանցագործությունները:

Քեսքինը պահանջել է նաև չեղյալ համարել այս գործի վերաբերյալ գաղտնիության որոշումը:
Իսկ ոստիկանության հրապարակած այն տեսանյութը, որտեղ Մուրադ Նազարյանը Մարիցա Քյուչյուքի տան տարածքում շրջում է, նույնպես կասկած է հարուցում, քանի որ տեսանյութի տակ նշված չէ ամսաթիվ: Մերալ Չըլդըրն ընդգծել է, որ դա կարևոր հանգամանք է:

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Ստամբուլի Սամաթիա թաղամասում 4 հայ տարեց կին հարձակման են ենթարկվել և տարբեր աստիճանի մարմնականվնասվածքներ ստացել: Իսկ 84-ամյա հայուհի Մարիցա Քյուչուքը դաժանորեն սպանվել էր սեփական բնակարանում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում