ԱՄՆ-ում Պուտինի վարկանիշը հասել է վերջին 14 տարվա առավելագույն ցուցանիշին

ԱՄՆ-ում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հավանության վարկանիշը հասել է վերջին 14 տարվա առավելագույն ցուցանիշին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 21-ին հայտնել է The Hill-ը՝ հղում անելով Գելապի ինստիտուտի հետազոտության արդյունքներին:

ՌԴ ղեկավարի գործունեությանը հավանություն է տալիս հարցվածների 21 տոկոսը: Նման ցուցանիշ վերջին անգամ գրանցվել է 2003 թվականին: Մինչդեռ դեռ 2015 թվականին Պուտինի մասին դրական էր արտահայտվում հարցվածների միայն 15 տոկոսը:

Նման կտրուկ աճը բացատրվում է, նախեւառաջ, Հանրապետական կուսակցության կողմնակիցների տրամադրությունների փոփոխմամբ. եթե 2015 թվականին ՌԴ նախագահին հավանություն էր տալիս նրանց սոսկ 12 տոկոսը, ապա 2017 թվականին Պուտինի ժողովրդականությունը հասել է 32 տոկոսի:

Դեմոկրատների կողմնակիցները, ընդհակառակը, սկսել են ավելի զուսպ վերաբերվել ՌԴ ղեկավարին: 2015 թվականին նրա օգտին արտահայտվում էր հարցվածների 15 տոկոսը, 2017-ին՝ միայն 10 տոկոսը:

Ընդհանուր առմամբ Ռուսաստանի նկատմամբ դրական վերաբերմունք ունի ամերիկացիների 28 տոկոսը, նրա նկատմամբ անբարյացակամ է տրամադրված 70 տոկոսը:

Հետազոտողները նշում են, որ հարցումն անցկացվել է Դոնալդ Թրամփի նախագահության երկրորդ ամսին՝ Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավելու մտադրությունների վերաբերյալ նրա հայտարարություններին ֆոնին, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում