Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը հարգեցին Ճապոնիայում

Մարտի 9-ին Տոկիոյում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ սումգայիթյան ոճրագործության 25-ամյա տարելիցին նվիրված երեկո, որին ներկա էին Ճապոնիայում գործող Ճապոնիա-Հայաստան ընկերակցություն (Japan-Armenia Society) եւ Ճապոնիա-Հայաստան բարեկամության ասոցիացիա (Japan-Armenia Friendship Association) կազմակերպությունների ու հայ համայնքի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Միջոցառմանը դեսպան Հրանտ Պողոսյանն անդրադարձավ 20-րդ դարի վերջին Ադրբեջանում հայերի դեմ իրագործված կազմակերպված բռնություններին եւ ջարդերին, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից մինչ այժմ էլ լայնորեն իրականացվող հակահայկական քարոզչությանը: Դեսպանը նշեց, որ նման հանցագործությունները պետք է բարձրաձայնվեն եւ դատապարտվեն, որպեսզի կանխվի դրանց կրկնությունը հետագա սերունդների համար:

Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում