Մեր հասարակության համար ավտորիտարիզմն անընդունելի է. Բակո Սահակյան
Նմանատիպ
Արցախի Հանրապետությունում նոր սահմանադրության ընդունման նպատակը պետական կառավարման արդյունավետության բարձրացումն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Gazeta.ru-ին տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
«Նոր սահմանադրության ընդունումը օբյեկտիվ իրականության արտացոլումն է: Դրա հիմնական նպատակն է բարձրացնել պետական կառավարման արդյունավետությունը, կատարելագործել զսպումների համակարգը և իշխանական թևերի հակակշռումը, ապահովել մեր քաղաքացիների հիմնարար իրավունքներն ու ազատությունները, հետագայում զարգացնել և ամրապնդել անկախ պետականությունը»,- ասել է Բակո Սահակյանը:
Նրա խոսքով` ժողովրդավարական համակարգը և արժեքները երկրում խորը արմատներ են գցել: «Մեր հասարակության համար ավտորիտարիզմն անընդունելի է իր բոլոր դրսևորումներում և հակասում է մեր ժողովրդի քաղաքական մշակույթին: Բացի այդ, ինչպես նշեցի, նոր սահմանադրությունում կատարելագործվել է զսպումների համակարգը և իշխանական թևերի հակակշռումը, ինչը բացառում է ավտորիտարիզմի ցանկացած դրսևորում»,- հայտարարել է նախագահը:
Անդրադառնալով պետության նոր անվանմանը` նա ընդգծել է, որ երկիրը պաշտոնապես կոչվում է Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: «Արցախն ավելի հին անվանում է, այն օգտագործվել է մի քանի հազարամյակների ընթացքում: Իսկ «Ղարաբաղ» անվանումը կիրառման մեջ է մտել 14-15-րդ դարերում: Այս երկու անվանումներն էլ մեր պատմության, քաղաքականության, աշխարհագրության և մշակույթի տարբեր բաղադրիչների կրողներն են, հետևաբար դրանք հավասարապես օգտագործվում են մեր հանրապետության անվանման համար»,- ընդգծել է Սահակյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում