Երուսաղեմում ավարտվել են Քրիստոսի գերեզմանի վերանորոգման աշխատանքները
Նմանատիպ
Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում ավարտվել են Հիսուս Քրիստոսի գերեզմանի վերանորոգման աշխատանքները, որոնք 1810թ. տեղի ունեցած հրդեհից հետո առաջին անգամ էին կատարվում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, աշխատանքը վստահվել էր հույն մասնագետների 9 հոգանոց խմբին, որոնք վերանորոգումն ավարտել են Սուրբ Զատկի նախաշեմին՝ սրբավայրին վերադարձնելով երբեմնի վեհաշուք տեսքը:
Հայտնի է, որ մասնագետները հատ առ հատ մաքրել են սալաքարերը, հեռացրել մոմերի մնացորդները ու դրանք կրկին հետ դրել: Բացի այդ, մաքրվել են որմնանկարներն ու առաստաղը:
«Եթե մենք չվերանորոգեինք գերեզմանը, ապա շատ հավանական է, որ այն կփլուզվեր»,-նշել է Համաշխարհային հուշարձանների պահպանության հիմնադրամի ներկայացուցիչ Բոնի Բըրնհեմը՝ հավելելով, որ վերանորոգման աշխատանքների համար, ընդհանուր առմամբ, ծախսվել է 4 մլն դոլար:
Բրիտանական աղբյուրը հիշեցնում է, որ Սուրբ Հարության տաճարի տարբեր հատվածներ գտնվում են Հույն ուղղափառ, Հռոմի կաթոլիկ և Հայ առաքելական եկեղեցիների հսկողության տակ: Սակայն Քրիստոսի գերեզմանը հսկվում է միաժամանակ 3 եկեղեցիների կողմից:
Թեև քրիստոնեական 3 ուղղությունների հետևորդների միջև բավականին լարված հարաբերություններ են, այնուհանդերձ` կողմերը միառժամանակ մի կողմ են դրել տարաձայնությունները, որպեսզի դրանք չխոչընդոտեն Քրիստոսի գերեզմանի վերոնորգման աշխատանքներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում