Սիմեոնե. «Ատլետիկոյից» հեռանալու 35 միլիոն պատճառ ունեի

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հարցարույց է տվել AS.com-ին, որի ժամանակ մի քանի հետաքրքիր միտք է արտահայտել:

-Հինգուկես տարի այստեղ եմ, սակայն ինձ դեռ երջանիկ եմ զգում: Ամեն օր ֆուտբոլիստներից էներգիա եմ ստանում: Այն պահպանում է իմ առողջությունը: Տեսեք, թե «Սևիլյայի» հետ խաղում (3:0) թիմն իրեն ինչպես դրսևորեց: Հենց դա ինձ հույս է տալիս:

-Միլանում կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակչից (2016 թվական) հետո ասացիք, որ մտածելու եք Ձեր ապագայի մասին:

-Մամուլի ասուլիսի սրահ գնալու ճանապարհին տեսա, թե «Ռեալն» ինչպես է տոնում: Դա շատ ցավալի էր ինձ համար: Այդ պահին պատկերացրեցի, թե որքան դժվար է լինելու հաջորդ մրցաշրջանը, չէ՞ որ ֆուտբոլիստներին պետք է նորից տրամադրեմ:

-Կարողացա՞ք շտկել այդ իրավիճակը:

-Ոչ: Մտածելու շատ բան կար: Պատկերացրեք, այլ ակումբ տեղափոխվելու համար 35 միլիոն պատճառ ունեի: 35 միլիոն… Սակայն չցանկացա հեռանալ, որովհետև նախկինի պես ինձ «Ատլետիկոյի» մասնիկն եմ համարում: Շուտով մեր թիմն ավելի ուժեղ և մեծ է դառնալու: Մենք բացելու ենք նոր մարզադաշտը, ինչի արդյունքում ակումբի բյուջեն ավելի կմեծանա:

-«Ատլետիկոյի» հետ պայմանագիրն ինչո՞ւ եք 2020-ից կրճատել մինչև 2018 թվականը:

-Որովհետև հասկացանք, որ իմ ու ակումբի համար այդպես ավելի լավ կլինի:

-Ինչո՞ւ է ակումբի համար լավ լինելու:

-Նախորդ համաձայնագրիս պայմանները բարելավել էին: Ակումբին դժվար է երկար ժամանակ աջակցել մարզչին, որովհետև ստիպված է մեծ գումար վճարել: Պարզ է, որ քիչ վճարելու դեպքում դա ավելի հեշտ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում