Ջավախահայերի խնդիրները լուծվելու են

Մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը նշեց, որ Վրաստանում անցած տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը ջավախահայությանը նոր հույսեր էր ներշնչել:

Ընտրություններից առաջ ջավախահայերը իրենց խնդիրների լուծման համար մեծ հույսեր էին կապում Բիձինա Իվանիշվիլիի և նրա ղեկավարած կուսակցության հետ:  

«Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո բավականին ժամանակ է անցել, և կարող ենք փաստել, որ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին իսկապես կատարում է իր խոստումները և ամեն ինչ անում է ջավախահայերի խնդիրներին լուծում տալու համար»,- ասաց Թորոսյանը՝ հավելելով, որ այս պահին Ջավախքում վերացել են բռնություններն ու վախի մթնոլորտը, որը կար նախորդ ռեժիմի ժամանակ:

Պատգամավորը կարևորեց նաև վրացական բանտերից բազմաթիվ ջավախահայերի, այդ թվում նաև Վահագն Չախալյանի ազատ արձակումը:

Թորոսյանը տեղեկացրեց նաև, որ Սահակաշվիլիի ռեժիմի ժամանակ մի խումբ ջավախքցի գործիչներ կային, որոնց մուտքը Վրաստան արգելված էր, սակայն Վրաստանի նոր իշխանությունները հանել են այդ արգելքը:

«Այս պահի դրությամբ մենք ունենք հետևյալը, Ջավախքում վերացվել են բռնությունները, այնտեղ առկա վախի մթնոլորտն այլևս գոյություն չունի, մարդիկ ազատ կարող են շփվել, հաղորդակցվել, զրուցել քաղաքական թեմաներով ու չվախենալ»,- ասաց պատգամավորը:

«Իհարկե Իվանիշվիլին ցանկություն ունի իրականություն դարձնել իր տված խոստացած բարեփոխումները, սակայն այս պահին Վրաստանում դեռ երկիշխանություն է, և խոչընդոտներ կան այդ բարեփոխումների ճանապարհին»,- ասաց պատգամավորը:

Թորոսյանը տեղեկացրեց նաև, որ Ախալքալաքի շրջանային ժողովը օրերս որոշում է կայացրել դիմել Վրաստանի խորհրդարանին՝ հայերենը տարածաշրջանային լեզու դարձնելու խնդրանքով: 

«Կարևոր ձեռքբերում եմ համարում նաև այն, որ Բիձինա Իվանիշվիլին Երևանում իր պաշտոնական հանդիպումների ժամանակ վերահաստատեց իր խոստումները Վրաստանի հայերի առնչությամբ և հայտարարեց, որ բոլոր խոստումները պետք է ի կատար ածվեն»,- շարունակելով Վրաստանում տեղի ունեցող, իր գնահատմամբ, դրական գործընթացների թեման, ասաց Շ. Թորոսյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում