«ԼՂՀ անկախության կենսագործումը բանակցային որևէ փուլում ավելի հասու չի եղել».Հ. Գալստյան

«Առավոտի» հետ զրույցում վերլուծաբան Հրաչ Գալստյանը, անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության ու դրա կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ հարցին ու երեք նախագահների մոտեցումներին’ ասել է. «Լևոն Տեր-Պետրոսյանը, չնայած կառավարման վերջում գրեց «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածը, չցանկացավ հիմնախնդրի լուծման հարցում պատասխանատվություն վերցնել: Ռոբերտ Քոչարյանի օրոք ամեն ինչ արվում էր երևակայական ստատուս-քվոն պահպանելու համար:… Այս կառավարությունը կուրս վերցրեց առ այն, որ պատրաստակամ է լուծել ԼՂ հիմնախնդիրը: Այլ հարց, որ միջազգային համատեքստը դեռևս չի հասել այն աստիճանի, որ հնարավոր լինի հիմնահարցը լուծել»:

Ըստ վերլուծաբանի’ կար մի կետ, որ նախորդ փաթեթներում այդքան էլ հստակ չէր: «Դա այն է, որ Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ ժամանակավոր կարգավիճակ: Այս բառակապակցության մեջ կարևորը «կարգավիճակն» է և ոչ թե «միջանկյալը» կամ «ժամանակավորը»: Այսինքն’ Ղարաբաղը ստանում է միջազգայնորեն երաշխավորված և լեգիտիմացված կարգավիճակ, դառնում է միջազգային իրավունքի սուբյեկտ: Իսկ դրանից դեպի անկախություն ժամանակի հարց է: Այս տարբերակով Արցախը որպես սուբյեկտ կարող է ներկայացվել միջազգային հարթակներում: Արցախը դառնում է միջազգային իրավունքի լեգիտիմ սուբյեկտ: Երեք նախագահների հայտարարությամբ սա լեգիտիմացվել է, և մեր ու Ադրբեջանի լուռ համաձայնությամբ’ նույնպես»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում