Իբրահիմովիչը դիմելու է ամերիկացի հայտնի վիրաբույժի օգնությանը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն առաջիկա օրերին դիմելու է ամերիկացի ծնկի վիրաբույժ Ֆրեդի Ֆուի օգնությանը․ վերջինս իր ոլորտում ամենահայտնի մասնագետներից է։ «Daily Mail» պարբերականը գրում է, որ բժիշկ Ֆուն մասնագիտացած է ծնկի խաչաձև կապանների բուժման մեջ։ Նա պետք է հստակեցնի շվեդ հարձակվողի ապաքինման կուրսն ու ժամկետները։

«Daily Mail»-ը նաև գրում է, որ Իբրահիմովիչը սկսել էր բանակցություններ վարել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը նախատեսված պայմանագիրը երկարաձգելու շուրջ, սակայն վնասվածքը զգալիորեն փոխել է իրավիճակը։ Այժմ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել Իբրահիմովիչին, եթե վերջինս համաձայն լինի համեմատաբար քիչ աշխատավարձ ստանալ, քանի որ վնասվածքով պայմանավորված բաց է թողնելու հաջորդ մրցաշրջանի առաջին հատվածի զգալի մասը։

Հիշեցնենք, որ Զլատան Իբրահիմովիչը վնասվածք է ստացել Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչ փուլի՝ «Անդերլեխտի» հետ պատասխան խաղում։ «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը հաստատել է, որ Իբրահիմովիչի մոտ ծնկի վնասվածք է, սակայն վնասվածքի բնույթի և ապաքինման ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում