ԼՂՀ ԱԳՆ. Արցախը կշարունակի ջանքերը բանակցային գործընթացում ԼՂՀ լիարժեք ներգրավման ուղղությամբ

Արցախը 2013 թ. կշարունակի ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացում ԼՂՀ լիարժեք ներգրավման և միջազգային հանրությանը Արցախի և ղարաբաղյան հիմնախնդրի մասին օբյեկտիվ տեղեկություն ներկայացնելու ուղղությամբ: Այս մասին ասված է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության 2012 թ. զեկույցում: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունից:

ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, զեկույցը ներկայացնելիս հայտարարել է, որ 2012թ. գերատեսչության գործունեության հիմնական ուղղություններն էին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության քաղաքական կարգավորումը և Արցախի միջազգային ճանաչումը: Արձանագրելով բանակցային գործընթացում առաջընթացի բացակայությունը՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ խնդրի խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը շարունակում է մնալ պաշտոնական Բաքվի ծայրահեղ ապակառուցողական դիրքորոշումը: Միևնույն ժամանակ նախարարն անդրադարձել է ԼՂՀ միջազգային ճանաչման հարցում դրական գործընթացներին:

Հիշեցնենք, որ այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարություն և մասնակցել 2012 թ. գերատեսչության գործունեության արդյունքների ամփոփմանն ու 2013թ. նախատեսվող աշխատանքներին նվիրված խորհրդակցությանը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում