ԱԱ-2018․ Լեհաստանը ջախջախեց Հայաստանին, Լևանդովսկին՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի 9-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալեց Լեհաստանին և խոշոր հաշվով պարտություն կրեց։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպման արդեն 2-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Կամիլ Գրոսիցկին։ 18-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին կրկնապատկեց լեհերի առավելությունը, իսկ 7 րոպե անց արձանագրվեց երրորդ գոլը, որը զավեշտալի ստացվեց։ Տարոն Ոսկանյանը ոտքով հետ փոխանցում կատարեց Գրիգոր Մելիքսեթյանին, իսկ վերջինս գնդակը որսաց ձեռքերով: Արդյունքում նշանակվեց ազատ հարված, և Լևանդովսկին դուբլ ձևակերպեց։

Խաղակեսի վերջնամասում Հովհաննես Համբարձումյանը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ընդմիջումից հետո լեհերը հանգիստ գործն ավարտին հասցրեցին՝ խփելով ևս 3 գնդակ․ աչքի ընկան Յակուբ Բլաշչիկովսկին, Ռաֆալ Վոլսկին և հեթ-տրիկ ձևակերպեց Լևանդովսկին։

Այս հաղթանակից հետո Լեհաստանի ընտրանին ունի 22 միավոր և գլխավորում է E խմբի մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի հավաքականը, որն արդեն զրկվել էր Մունդիալի ուղեգիր նվաճելու հնարավորությունից, մնաց 6 միավորով՝ 5-րդ տեղում։

ԱԱ-2018, ընտրական փուլ, E խումբ

Հայաստան – Լեհաստան՝ 1։6
Գոլերը՝ Համբարձումյան 39՛ – Գրոսիցկի 2՛, Լևանդովսկի 18՛, 25՛, 64՛, Բլաշչիկովսկի 58՛, Վոլսկի 89՛

Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում