Արփինե Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել ԵԽԽՎ նախագահի ընտրության քվեարկությունից

Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակներն առաջին փուլում չեն կարողացել վեհաժողովի նոր նախագահ ընտրել, քանի որ թեկնածուներից որևէ մեկը ձայների բացարձակ մեծամասնություն չի ստացել:

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ ընտրելու համար թեկնածուներից որևէ մեկը պետք է ստանա ձայների բացարձակ մեծամասնություն»,- ասաց Հովհաննիսյանը:

ԵԽԽՎ նախագահի պաշտոնին հավակնում են Ստելլա Կիրիակիդեսը՝ Կիպրոսից և Էմեանուելիս Զնիգերիսը՝ Լիտվայից։ Կիրիակիդեսը, որին պաշտպանում է հայկական պատվիրակությունը, ստացել է 126 քվե, իսկ Զնիգերիսը՝ 84 քվե։ Թեև Կիպրոսի թեկնածուն առաջատարն էր, սակայն ընտրվելու համար անհրաժեշտ է 152 կողմ ձայն:

Վեհաժողովում մեկնարկել է ընտրության երկրորդ փուլը: Արփինե Հովհաննիսյանը հայտնեց, որ եթե թեկնածուներից որևէ մեկը երկրորդ փուլում ևս ձայների մեծամասնությունը չստանա, հոկտեմբերի 10-ին տեղի կունենա քվեարկություն արդեն հարաբերական մեծամասնության ձևաչափով:

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հոկտեմբերի 6-ին հրաժարական է ներկայացրել: Նա ընդգծել է, որ նման որոշում է կայացրել անձնական պատճառներով և բժիշկների խորհրդով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում