ԱՄՆ-ն չհաղթահարեց ԱԱ-2018-ի ընտրական փուլը, անսպասելի նորեկ Մունդիալում (տեսանյութ)
Նմանատիպ
Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում գրանցվել է ամենախոշոր անակնկալներից մեկը: ԱՄՆ-ի հավաքականը չի կարողացել հաղթահարել ԿՈՆԿԱԿԱՖ-ի խմբային մրցաշարը և չի մասնակցելու Մունդիալին:
Վերջին` 10-րդ տուրում Ամերիկայի Միացյալ Նահանգների թիմին բավական է եղել արտագնա մրցավեճում չպարտվել հետնապահ Տրինիդադ և Տոբագոյին, սակայն դա նրանց չի հաջողվել: 17-րդ և 37-րդ րոպեներին տանտերերի կազմում աչքի են ընկել Սահրոն Վինչեսթերն ու Ալվին Ջոնսը: Երկրորդ խաղակեսի սկզբում (47) Կրիստիան Պուլիշիչը մեկ գնդակ կրճատել է, սակայն ավելին չի հաջողվել:
Նույնիսկ այդ պարտությունը կարող էր ԱՄՆ-ին դուրս բերել Մունդիալ կամ անցումային խաղերի իրավունք տալ, եթե զուգահեռաբար կայացած հանդիպումներում հաղթանակներ չտոնեին երրորդ տեղի համար նրանց գլխավոր մրցակիցներ Պանաման ու Հոնդուրասը: Պանաման 2:1 հաշվով հաղթել է Կոստա Ռիկային: Հաղթական գոլը 88-րդ րոպեին հեղինակել է Ռոման Տորեսը:
Հոնդուրասը գոլառատ խաղում 3:2 հաշվով պարտության է մատնել առաջատար Մեքսիկային: Օրիբե Պերալտայի ու Կարլոս Վելային գոլերին տանտերերը պատասխանել են Ալբերտ Էլիսի և Ռոմել Կիոտոյի գնդակներով, ինչպես նաև մրցակցի դարպասապահ Գիլերմո Օչոայի ինքնագոլով:
Այսպիսով, Պանաման իր պատմության ընթացքում առաջին անգամ մտավ Մունդիալ, իսկ Հոնդուրասն այդ ուղեգիրը կվիճարկի Ավստրալիայի հետ անցումային հանդիպումներում:
Վերջնական միավորները
1. Մեքսիկա` 21
2. Կոստա Ռիկա` 16
3. Պանամա` 13, գոլերը` 9:10
4. Հոնդուրաս` 13, գոլերը` 13:19
5.ԱՄՆ` 12
6. Տրինիդադ և Տոբագո` 6
Հետևեք մեզ նաև Telegram-ում