Աթեշյանը Դիարբեքիրում այցելել է թալանված ու ավերված Սուրբ Կիրակոս եկեղեցի
Նմանատիպ
Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնից հրաժարված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Դիարբեքիրում այցելել է Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցի, որը տարածաշրջանում թուրքական ուժերի գործողությունների ընթացքում կողոպտվել ու մեծ վնասներ է կրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:
Եկեղեցու պատերի վրա ներկայում կան կրակոցների հետևանքով առաջացած անցքեր, կոտրված են ապակիները:
Սուրբ Կիրակոս եկեղեցու ներսում շրջելուց հետո Աթեշյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Այսօր այս թաղամասում գտնվող Աստծո աղոթարանները՝ եկեղեցիները, մզկիթներն ավերակների են վերածվել: Նման բան անողին մենք մարդ չենք կարող անվանել: Ամեն բան ավերված է: Այս ամենն անողն Աստծո արարած մարդը չի կարող լինել»:
Արքեպիսկոպոս Աթեշյանը հորդորել է պատկան մարմիններին, այդ թվում մշակույթի նախարարությանը, հիմնադրամների գլխավոր տնօրինությանը և ոստիկանությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ սկսելու եկեղեցու վերանորոգման աշխատանքները:
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Մերձավոր Արևելքի ամենամեծ քրիստոնեական եկեղեցիներից է: 2012 թվականի նոյեմբերի 4-ին` 32 տարվա ընդմիջումից հետո այստեղ կատարվել էր վերանորոգմանը հաջորդած առաջին եկեղեցական արարողությունը: Նույն օրը եկեղեցում տեղի էր ունեցել նաև առաջին պսակադրությունը:
Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներն իրագործվել են Պոլսի Հայոց պատրիարքարանի ֆինանսական աջակցությամբ: Աշխատանքներին աջակցություն էր ցուցաբերել նաև Դիարբեքիրի քաղաքապետարանը: Վերակառուցվել էր եկեղեցու զանգակատունը, որը վնասվել էր 1915թ.-ին` ռմբակոծությունից: Եկեղեցու գմբեթն ամենաբարձրն էր քաղաքում, և մզկիթների մինարեներից բարձր չլինելու համար մահմեդականներն ավիրել էին այն:
Թեև Սուրբ Կիրակոս եկեղեցին մինչեւ 1980թ. գործել է, սակայն, նրա զանգերը միայն 2012 թվականի նոյեմբերի 4-ին են կրկին ղողանջել՝ 97 տարի անց:
2015 թվականից այն թաղամասում, որտեղ գտնվում է եկեղեցին, վերսկսվել էին բախումները թուրքերի ու քրդերի միջև:
Հետևեք մեզ նաև Telegram-ում