Երեւանի քաղաքապետարանը պարզաբանում է

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Ա. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի ժամանակավոր աշխատակից՝ շախմատի ուսուցիչ Նարեկ Վարազդատյանի՝ աշխատանքից ազատման կապակցությամբ լրահոսում տեղ գտած հրապարակումների առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ հիվանդության պատճառով ժամանակավորապես աշխատանքից բացակայող Ռուբեն Տերտերյանին փոխարինել է ՀՀ շախմատի ֆեդերացիայի կողմից ներկայացված Նարեկ Վարազդատյանը, ով աշխատանքի է ընդունվել դպրոցի տնօրենի՝ 2013թ. փետրվարի 1-ի թիվ 48 հրամանի համաձայն, որում հղում է կատարվում ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետին և 95-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետին, որոնք վերաբերում են որոշակի ժամկետով և որպես փոխարինող աշխատող աշխատանքի ընդունելուն:
Աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքերը սահմանված են ՀՀ ԱՕ 14-րդ հոդվածով, համաձայն որի՝ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են ՀՀ ԱՕ սահմանած կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ՝ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով (հրամանով):
Նարեկ Վարազդատյանը ս/թ ապրիլի 9-ից չի ներկայացել աշխատանքի և չի հիմնավորել բացակայությունները: Ուսուցիչների բաց թողած և փոխարինած դասաժամերի հաշվառման մատյանում ս/թ ապրիլի 9-ից մինչև աշխատանքից ազատման օրը ներառյալ ուսմասվարի կողմից գրանցված են Ն. Վարազդատյանի բացակայությունները:

Ն. Վարազդատյանը ազատվել է աշխատանքից ՀՀ ԱՕ 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն, ըստ որի՝ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում աշխատողի՝ աշխատանքի չներկայանալու դեպքում: Միևնույն ժամանակ, համաձայն նույն օրենսգրքի 123-րդ հոդվածի, վերոնշյալ հիմքով աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծելու առանց աշխատողին ծանուցելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում