Ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, երբ խոսում են արդարությունից, այստեղ նաև միջազգային հանրությունը խնդիրներ ունի: Այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը:
Նա նշեց, թե Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը ինչ-որ բանի սկիզբ կամ վերջ չէ, այլ պայքար է արդարության համար, և սա միայն հայ ժողովրդի պայքարը չէ:
Հրայր Թովմասյանն անընդունելի համարեց միջազգային պրակտիկայում դեռևս գոյություն ունեցող երևույթը, երբ Ցեղասպանությունը շահարկման առարկա կամ հարաբերությունները այլ երկրի հետ կարգավորելու խաղաքարտ են դարձնում:
Հրայր Թովմասյանը նշեց՝ պատմության մեջ քիչ են դեպքերը, երբ մի նպատակի համար ժողովուրդը կարող է 100 և ավելի տարիներ պայքարել ու արդյունքի չհասնել:
«Մի օր մենք հասնելու ենք արդյունքի, և այդ արդյունքը որքան հայ ժողովրդին է պետք, այնքան ավելի պետք է ողջ մարդկությանը, որպեսզի նման երևույթները չկրկնվեն»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
Թովմասյանի խոսքով՝ պետք է ցույց տալ, որ մենք ազգ ենք, պետություն ենք, որին չեն կարող բնաջնջել, որն ունի ասելիք ամբողջ աշխարհում, ունի իր դերը, մշակույթը, և ասելիք ունի միջազգային ամբողջ հանրության համար: