Ո՞րն է եղել նորակոչիկ Էռնեստ Հովհաննիսյանի ինքնախեղման պատճառը

Ո՞րն է եղել նորակոչիկ Էռնեստ Հովհաննիսյանի ինքնախեղման պատճառը

Հունվարի 20-ին հայտնի դարձավ, որ ԼՂՀ ՊԲ մի զորամասից Մուրացանի զինվորական հոսպիտալ են տեղափոխել նորակոչիկ զինծառայող Էռնեստ Հովհաննիսյանին, ով հունվարի 18-ին իրեն ցած է նետել պատուհանից և ունի բազմաթիվ մարմնական վնասվածքներ ունի: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց, ըստ որի՝ զինվորը ինքնախեղման փորձ է կատարել։ «Ծնողին տեղեկացվել է, անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերվել է, ընթանում է քննություն»,- գրել էր Արծրուն Հովհաննիսյանը։

Մամուլում սկսեցին տարբեր գնահատականներ հնչել՝ սկսած պատահածի վարկածներից, մինչև պաշտպանության նախարարությանն ուղղված մեղադրանքներ՝ այս գործը կոծկելու փորձի համար։ Թերևս, նման կարծիքի հիմք էր հանդիսացել իրավապաշտպան ՀԿ-ների մոտեցումը: Մասնավորապես, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը անվստահություն է հայտնում ՊՆ-ի տրամադրած տեղեկատվությանը, որը հիմնված է հենց նշվյալ զինվորի խոսքերի վրա, ասելով, թե որ դրանք պարզապես կեղծ տեղեկություններ են, և որ իրենք անձամբ այցելել են նորակոչիկ Հովհաննիսյանի ընտանիք։ Հարազատները պատմել են, որ նրանք քեֆ ուրախությամբ իրենց որդուն ճանապարհել են բանակ, ու երբեք չեն լսել, որ որդին չի ցանկանում ծառայել բանակում

Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Հակոբ Վարդանյանը «Ռադիոլուրին» որոշակի մանրամասներ հաղորդեց սպաների ներկայացրած բացատրություններից. Ըստ դրանց՝ հունվարի 12 ին Էռնեստ Հովհաննիսյանը զորակոչվել է բանակ, մի քանի օր անց սպաները նկատել են նրա մոտ տարօրինակ պահվածք: Նորակոչիկը հայտարարել է, որ չի ցանկանում ծառայել: Արդեն հունվարի 17- ին, երբ նորակոչիկները գնացել են ճաշարան, Էռնեստը ձեռքով հրել է շարքային Ղուկասյանին։ Երբ հարցրել են, թե ի՞նչու է հրում՝ շարքային Հովհաննիսյանը պատասխանել էր, որ միամիտ է ստացվել.

«Անձնակազմի գծով տեղակալը կանչել է իր մոտ սկսել է հետը զրուցել: Նա էլ ասել է, որ քաղաքացիական կյանքում կատարել եմ այնպիսի արարք, որ ինձ չեմ կարողանում ներել, բայց չի բացահայտել ինչ արարքի մասին է խոսքը :Սա ես ձեզ ասում եմ սպաների բացատրությունից. Այնուհետև հունվարի 17 –ի լույս 18 –ի գիշերը սպան տեսնում է, որ մեր այդ տղան վեր է կացել՝ հարցնում է, թե այ տղա ու՞ր ես գնում, ի՞նչու ես հագնվում: Էռնեստը ասել է, որ ցանկանում է լքել զորմասի տարածքը: Սպան վերջինիս ուղեկցել է իր աշխատասենյակ ու սկսել է հետը զրուցել: Առավոտյան անձնակազմի գծով տեղակալ Խառատայնը կապ է հաստատում բարեկամների հետ և պատմում վերջինիս հոգեկան վիճակի մասին: Նրանց հրավիրել է զորամաս, որպեսզի միասին հասկանան ի՞նչն է խնդիրը: Ժամը 13 -ին ուղեկցել է հրաձգային վաշտի ժամանցի սենյակ և երկու զինծառայողների էլ ասել, որ ուշադիր եղեք միասին դաս արեք, և այլն ու դուրս է եկել սենյակից: 30 վայրկյան հետո այս տղան պատուհանը բացել ու թռել է դուրս: Զեկուցել են՝ պարոն կապիտան թռավ դուրս»,-պատմում է Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ՝ Հակոբ Վարդանյանը:

Նշենք, որ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն այսօր հանիրավի մեղադրեց իր ձևակերպմամբ իշխանական լրատվամիջոցներին, ովքեր հրամցրել են ՊՆ տեղեկատվությունը իբրև իրականություն: Ասում է, որ Էռնեստի ծնողները չեն հավատում, որ տղան նման քայլի կարող է դիմած լինել՝ չնայած որ նա անձամբ է նշել, որ հոգեբանական խնդիրներ է ունեցել: Թե ո՞րն է եղել իր հոգեբանական նման վիճակի բուն պատճառը, և արդյո՞ք դա այնպիսի մի բան է եղել, որի մասին տղան գուցե չկարողանար պատմել ծնողներին, «Ռադիոլուրը» ցանկացավ լսել իրավապաշտպանից, որոնք ստանձնել են անկախ փորձագիտական հետաքննություն: Արդյո՞ք այս դեպքի հետ կապված ունեն այլ փաստեր, այն է՝ թե ինչ է իրականում կատարվել։ 

Նշենք, որ Էռնեստ Հովհաննիսյանը բանակ է զորակոչվել սահմանափակումով։ Ունեցել է ողնաշարի ու և կրծքավանդակի ֆունկցիաների աննշան խանգարումներ: Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Հակոբ Վարդանյանը մեզ է ներկայացում նաև Էռնեստի գրած բացատրությունը, թե ինչու է նման քայլի դիմել

«Հարց ե՞նք տալիս, լավ տղա ջան ի՞նչու ես նման քայլի դիմել: Ասում է, որ ի սկզբանե չեմ հարմարվել ծառայությանը և պարբերաբար ունեցել եմ հոգեբանական խնդիրներ, ծառայողական պարտականությունները ընդունել եմ սրտին մոտ և այդ ամենից ելնելով դեպքի պահին ընկնելով հոգեկան մտածմունքերի մեջ ու բացելով լուսամուտը ցած եմ նետվել երկրորդ հարկից: Հարցնում ենք,ցանկացել ե՞ս ինքնասպան լինել, ասել է՝ ճիշտ ասած չեմ էլ մտածել ինչ եմ անում: Ծառայության ընթացքում խնդիրներ չեմ ունեցել: Սպաների ու զինծառայողների հետ եղել եմ լավ հարաբերությունների մեջ:Վերջինս հայտնել է նաև, որ մինչ զորակոչվելը ունեցել է հոգեկան խնդիրներ, շուտ նյարդայնացել է, շուտ բռնկվել է, լարվել է և հուզվել: Հոգեբանի ու բժշկի չի դիմել՝ մտածելով տարիքի հետ կանցնի»:

Նշենք, որ այս պահին հավելյալ նյութեր են նախապատրաստվում գործի մանրամասները պարզելու համար, սակայն, արդեն իսկ նկատելի է, որ չնայած գործում առկա դեռևս չբացահայտված կետերի, եզրահանգումների առատության պակաս չի զգացվում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում