Բեմի մարդը, ով 52 տարում կերտել է շուրջ 150 կերպար. Քաջիկ Հարությունյան
Նմանատիպ
Ավելի քան կես դար է՝ Քաջիկ Հարությունյանը մեկ մետր բարձրությամբ հարթակից պատկերում է կյանքը՝ իրական, դրամատիկ ու գունեղ…Միակ բանը, որի մասին վախենում է մտածել Ստեփակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի խարխուլ շենքի հավատարիմ «բնակիչը», բեմին հրաժեշտ տալն է…Թատրոնի, բեմի ու կյանքի մասին ԼՂՀ ժողովրդական արտիստի ընկալումներն ու խոհերը՝ ստորև ներկայացված հարցազրույցում։
-Պարոն Հարությունյան, ինչպե՞ս եք հայտնվել թատրոնում:
-Մի անգամ Սուրեն Քոչարյանը հյուրախաղերով եկել էր Շուշի` իր բազկաթոռով (ժպտում է,-հեղ.), նա Թումանյան էր ասմունքում, ոչ թե արտասանում, այլ` ասմունքում: Ես այն ժամանակ փոքր երեխա էի, կլանված լսում էի: Այդ ժամանակ ծնվեց երազանքս`երբևէ դառնալ նրա պես դերասան: Այդ օրվանից հետո ամեն անգամ, երբ ինձ հարցնում էին` ինչ ես դառնալու, պատասխանում էի` դերասան: Բայց ամեն ինչ այնքան հետաքրքիր էր…5-րդ դասարանից հայրս ինձ տեղափոխեց գիշերօթիկ դպրոց, պատճառ այն չէր, որ սոված էինք մնում. հայրս մանկավարժ էր, մայրս` տնային տնտեսուհի, ու մենք միշտ ցորեն հաց էինք ուտում, ուղղակի հորս ընկերը` շուշվեցի հարգված մանկավարժ Արսեն Խաչատրյանը, խորհուրդ տվեց մեզ` երեխաներիս կրթության տալ այդ գիշերօթիկում, հայրս էլ որոշեց, որ 8 զավակներից հենց ես պետք է այդտեղ սովորեմ: Ու տեղափոխվեցի գիշերօթիկ: 8-րդ դասարանն ավարտելուց հետո եկա Ստեփանակերտ, որպեսզի սովորեմ գյուղատնտեսական քոլեջում, բայց մտքումս միշտ թատրոնն էր… Առաջին կուրսում էի, երբ երջանկահիշատակ, ժողովրդական դերասան Միքայել Հարությունյանը թատերական խումբ ստեղծեց, ես էլ ընդգրկվեցի: Տեսնելով, որ մեջս կայծ կա` առաջարկեց գնալ թատրոն, հաճույքով համաձայնվեցի, ու երազանքս սկսեց իրականանալ: Առաջին կուրսից հետո թողեցի քոլեջն ու Հարությունյանի ձեռքից բռնած` մտա թատրոն:
Սկզբում, որպես սկսնակ, կողմնակի դերեր էին խաղում։ Մի անգամ էլ այնպես ստացվեց, որ «Մխիթար սպարապետ» պետք է բեմադրեինք, գլխավոր դերակատարներից մեկը, ով պետք է մարմնավորեր Մխիթարի որդուն, գնացել էր Երևան` քննություն հանձնելու: Ազդագրերն արդեն կպցրած, օրը հայտարարված, ուզած-չուզած պետք է բեմադրեինք։ Ռեժիսորն ինձ հարցրեց` կարո՞ղ ես այդ դերը գոնե փրկել, ասացի՝ այո։ Ներկայացումը խաղացի, իսկ հաջորդ օրը հայտարարությունների տախտակի վրա կարդացի «շնորհակալությունը»…Այդ պահից ինձ սկսեցի դերասան զգալ։ Դրանից հետո կենտրոնական դերեր էի խաղում։
-Ի՞նչ է տվել Ձեզ թատրոնը, ի՞նչ` Դուք թատրոնին։
-Ամեն ինչ: Ես խաղացել եմ մոտ 150 դեր` այդ թվում բազմաթիվ գլխավոր դերեր: Գիտե՞ք` ինչ է նշանակում 100 կամ 150 դեր, նշանակում է նույնքան կերպար մարմնավորել: Եթե գողի պետք է մարմնավորեմ, որոշ ժամանակ շփվում եմ այդպիսի մարդու հետ, հասկանում բնավորությունը, նիստուկացը, նոր միայն ստանձնում դերը, որ կարողանամ ստեղծել կերպարը, ճիշտ ներկայանալ: Դա գործում է բոլոր դեպքերում: Թատերական ներկայացումը կյանքից վերցրած կտոր է, որը բեմից մատուցում ես հանդիսատեսին: Պետք է բնական լինես:
-Բեմի վրա մի՞շտ է հաջողվում մի կողմ թողնել անձնականը:
-Ես շատ շնորհակալ եմ կնոջս: Հուզվեցի, գիտե՞ք(աչքերը լցվում են,-հեղ.) Կինս նույնպես աշխատում է թատրոնում, բայց ոչ որպես դերասան։ Ամեն անգամ, երբ իմանում է, որ հոգեբանական, ծանր կերպար պետք է մարմնավորեմ, ինձ լրիվությամբ ազատում է տնային հոգսերից, ասում է` դերիդ վրա աշխատիր: Նա գիտի` ինչ է դերասանը, բեմը, մարդը… Բեմն ինձ համար սրբություն եղել է, կա ու կմնա: Բեմը կյանքից մեկ մետր բարձրությամբ հարթակ է, այն մեկ աստիճան բարձր է, ուստի դերասանը պարտավոր է այնպես խաղալ, որ դահլիճում նստած պրոֆեսորն էլ զգա, որ բեմի վրա խելացի մարդ է կանգնած:
-Իմպրովիզներ հաճա՞խ եք անում:
-Դերից է կախված։ Կան կերպարներ, որ թույլ են տալիս անել այն, ինչ ուզում ես, միայն թե կերպարից դուրս չգաս: Ինձ հրավիրել էին «Կյանք ու կռիվ» ֆիլմում մի փոքրիկ դեր խաղալու, կարճ դրվագ էր: Երբ վերջացրինք, գնացի ռեժիսոր Մհեր Մկրտչյանին հրաժեշտ տալու, ասաց` ո՞ւր ես գնում, քեզ ո՞վ է թողնում, որ գնաս, դեռ մի դրվագ էլ կա նկարելու: Առավոտյան ասաց, թե մոտավորապես ինչ է ուզում, որ լինի: Այդ դրվագն ամբողջությամբ իմպրովիզ արեցի ու շատ հավանեց…Ուրախ եմ, որ այդ մարդուն հանդիպեցի, տեսա նրա` դերասանների հետ աշխատելու ձևը, ինքն իր ու դերասանների նկատմամբ ունեցած խստապահանջությունը:
-Թատրոն ու կինո. ինչպե՞ս եք զգում Ձեզ թե´ մեկում, թե´ մյուսում:
-Թատրոնը մի բան է, կինոն` այլ: Ֆիլմը ճանաչում է բերում դերասանին: Այստեղ եթե դու ոչինչ չես ավելացնում` իմպրովիզ չես անում, ու քեզ կարողանում ես դրսևորել, ապա «դուբլներ»-ով ստանում ես այն, ինչ պետք է։ Իսկ բեմում չես կարող «դուբլ» անել, այստեղ ամեն ինչ պետք է իսկական, բնական լինի։ Բեմը կենդանի արվեստ է։ Օրինակ` Ջիվանու (նա մեր թատրոնի սան է) «Թևանիկ» ֆիլմի գլխավոր հերոսը դերասան չէ, Աղդամում ոչխար էր պահում` հովիվ էր: Ռեժիսորը հենց նրան հանդիպեց, զգաց, որ իր ֆիլմի հերոսը հենց նա պետք է լինի: Թևանիկի դերակատարը բեմին ծանոթ չէր, բայց ֆիլմը հաջողվել է:
Դերասան լինելն ինձ համար մեծ պատիվ է: Հիմա ընկալումները փոխվել են. ժամանակ կար, որ դերասաններին պատկառանքով էին վերաբերվում: Հույս ունեմ, որ երբևէ նորից այդպես կլինի…
-Լավ դերասանը կարո՞ղ է ունենալ սիրելի ու չսիրելի դերեր, իրավուքն ո՞ւնի հրաժարվելու դերից:
-Հետաքրքիր հարց է։ Նախ ասեմ, եթե ռեժիսորը դերը տալիս է դերասանին, ուրեմն գիտի, որ նա կարող է խաղալ: Լավ դերասանը դերից հրաժարվելու իրավունք չունի: Դու լավ կերտիր կերպարը, այսինքն` այնքան լավ խաղա այդ բացասական դերը, որ հանդիսատեսը զգա դա, ընկալի: Ինչ կերպար ասես մարմնավորել եմ` «բոմժ»-ից մինչև մեծահարուստ։ Ճիշտ է, եթե էությամբ բարի ու դրական մարդ ես, դժվարությամբ ես բացասական դեր խաղում, բայց չպիտի դուրս գաս կերպարից, մինչև վերջ պարտավոր ես մնալ կերպարի մեջ:
-Հանդիսատեսը կարո՞ղ է տարբերել պրոֆեսիոնալ դերասանին ոչ պրոֆեսիոնալից։
-Բեմը հայելի է, դահլիճում նստած հանդիսատեսն ամեն ինչ տեսնում է. ամեն մի շարժումը, միմիկան: Դերասանի համար շատ կարևոր են բառը, առոգանությունը: «Ը» գաղտնավանկը հանդիսատեսը պետք է լսի: Դերասանն իրավունք չունի թլիկ լինելու, քթի տակ խոսելու: Ընդհանրապես դժվար է դերասան դառնալը, դերասան ծնվում են, կայծը պետք է լինի մեջդ: Մեր թատրոնի սյուները հիմնականում դերասանական կրթություն չունեին, բայց անկրկնելի էին բեմում:
-Նոր սերունդը կարո՞ղ է շարունակել «սյուներ»-ի գործը:
-Շնորհաշատ երիտասարդներ շատ ունենք, բայց նրանք էլ շնորհաշատ ռեժիսորների կարիք ունեն, որ նրանց ձեռքը բռնած` բեմի վրա քայլելն ու խոսելը սովորեցնեն: Երիտասարդներին նաև փորձառու խաղընկերներ են պետք, որպեսզի համատեղ ուժերով կարողանան հասնել հաջողության: Ու մի բան էլ. ամեն մի կերպար համապատասխան գրիմ է պահանջում, ինչն այսօր շատ քիչ է հանդիպում: Ես տարեկանում Չիլիսով եմ խաղացել և միայն ձեռքիս դաջվածքից են հասկացել, որ ես եմ:
70 տարին վերջերս բոլորած սիրված դերասանը բեմից այն կողմ միայն բեմն է տեսնում.
Եթե չլինեիք դերասան…
-Կլինեի դերասան:
-Եթե մի օր հանկարծ զգաք, որ կտրվել է հանդիսատեսի հետ կապը…
-Աստված ոչ անի:
-Եթե իմանաք, որ բեմ եք բարձրանում վերջին անգամ…
-Դա մեծ ողբերգություն կլինի ինձ համար:
-Ինձ ոգեշնչում է…
-Ժողովուրդս, հանդիսատեսս:
-Ես երազում եմ…
-Այնպիսի մի դեր խաղալ, որ խաղացածս դերերից լրիվ տարբերվի։
Զրուցեց Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆԸ
Հետևեք մեզ նաև Telegram-ում