Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Դումայում սիրիական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառման մասին հաղորդումները

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Դումայում սիրիական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառման մասին հաղորդումները

ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքում է Արևելյան Ղութայի Դումա քաղաքում սիրիական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառման մասին հաղորդումները։ Այս մասին ապրիլի 8-ին հայտարարել է Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի (գործում է ՌԴ ՊՆ կազմում) պետ, գեներալ-մայոր յուրի Եվտուշենկոն։

Նա նշել է, որ Սիրիայի ԶՈՒ կողմից Դումայում իբր քլորով ռումբի կիրառման մասին հայտարարել են «մի շարք, այսպես կոչված, ոչ կառավարական կազմակերպություններ, այդ թվում՝ իրենց ֆեյքային նորություններով լայնորեն հայտնի «Սպիտակ սաղավարտները»։ Վճռականապես հերքում ենք այդ տեղեկատվությունը և հայտարարում ենք զինյալներից Դումա քաղաքի ազատագրումից անմիջապես հետո տվյալներ հավաքելու համար ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ռուսաստանյան մասնագետներ ուղարկելու պատրաստակամության մասին, որոնք կհաստատեն այդ հայտարարությունների շինծու բնույթը»,- ասել է գեներալը։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նա նշել է, որ նույն օրը սկսվում է Դումայից «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորման անհաշտ զինյալների դուրսբերման գործողությունը (ապրիլի 6-ին հաղորդվել է, որ նրանք վերսկսել են ռազմական գործողությունները կառավարական ուժերի դեմ – ծանոթ.՝ ՏԱՍՍ), և քիմիական գրոհների մասին հայտարարությունները մի քանի արևմտյան երկրների կողմից օգտագործվում են այդ գործողությունը խափանելու համար։ Գեներալը հավելել է, որ դա «Արևմուտքի կողմից սիրված թեմա է»։

Եվտուշենկոն նաև հայտնել է, որ Դումայից անվտանգ ելքի Էլ Վաֆիդին մարդասիրական միջանցքը շարունակում է աշխատանքը։

Ապրիլի 7-ին ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ներկայացուցիչը ՏԱՍՍ-ի թղթակցին ասել էր, որ գերատեսչությունն անհանգստացած է Դումայում քիմիական զենքի հնարավոր կիրառմամբ։ «Այսօր առավոտյան մենք տեսել ենք Դումայում (Սիրիա) հիվանդանոցի մոտ քիմիական զենքի հնարավոր կիրառմամբ ևս մեկ հարձակման մասի բազմաթիվ, շատ տագնապալի հաղորդումներ»,- ասել է նա։ – Տեղերում մի շարք խմբերի և բժշկական անձնակազմի հաղորդումներում խոսվում է առնվազն 40 զոհի և հարյուրավոր վիրավորների մասին»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում