Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հավաքի մասնակիցները կրկին փակել են Ֆրանսիայի հրապարակը
Նմանատիպ
Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հավաքի մասնակիցները ապրիլի 18-ին կրկին փակեցին Ֆրանսիայի հրապարակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, առավոտյան ժամը 10:00-ին Նիկոլ Փաշինյանը եկավ Ֆրանսիայի հրապարակ, որտեղ հավաքված քաղաքացիների հետ փակեցին Մաշտոցի պողոտայի այդ հատվածը: «Մեր շարժումն ունի աջակցություն: Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են այս պրոցեսների կազմակերպմանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները ապրիլի 13-ից փակել էին Երևանի Ֆրանսիայի հրապարակը: Նրանք ապրիլի 16-ի առավոտից կաթվածահար էին արել մայրաքաղաքի կենտրոնի երթևեկությունը, փակել բանուկ փողոցները: Դրանք երեկոյան արդեն բացվել էին, սակայն ապրիլի 17-ի առավոտյան կրկին փակվել էին հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից: Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների և հավաքի մասնակիցների միջև միջադեպ է գրանցվել: Վեց ոստիկան, Նիկոլ Փաշինյանն ու հավաքի մոտ չորս տասնյակ մասնակիցներ տարվել էին հիվանդանոցներ: Ավելի քան 8 տասնյակ մարդ է բերման ենթարկվել ոստիկանություն վարչական իրավախախտումների դեպքերով: Ապրիլի 17-ի երեկոյան Փաշինյանը հայտարարել է, որ կբացեն Ֆրանսիայի հրապարակը և կգիշերեն տանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում