Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան բանակցությունները տեղի կունենան ապրիլի 25- ին
Նմանատիպ
Հանրապետության հրապարակում ապրիլի 23-ին կայացած հանրահավաքում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քաղաքական երկխոսության իրենց առաջարկած օրակարգը շարունակում է մնալ ուժի մեջ:
«Մեր օրակարգում ոչ թե մեկ, այլ մի քանի հարց էր դրված»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ չորեքշաբթի ապրիլի 25-ին ժամը 11:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում նա սկսելու է բանակցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:
«Քայլ երկու՝ Ազգային ժողովը վարչապետ է նշանակում, և դա պետք է տեղի ունենա առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, որից հետո ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, որից հետո էլ հնարավոր ամենաշուտ տրամաբանական ժամկետներում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- նշեց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց նաև, որ Հայաստանում ատելության մթնոլորտի էջը փակված է: «Ներքաղաքական, ներհասարակական կյանքում ատելության և վենդետայի մթնոլորտը պետք է բացառել, և ես ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր մտածում են, թե այս հեղափոխությունը թշնամական է նրանց նկատմամբ, բոլոր գործարարներին՝ վենդետտա չի լինելու, ատելություն չի լինելու, վրեժխնդրություն չի լինելու: ՀՀ-ում հաստատվելու է ազատության , եղբայրության, օրինականության և ազգային միասնության մթնոլորտ»,- շեշտեց ԱԺ պատգամավորը:
Փաշինյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ԼՂՀ իշխանություններին, ովքեր այս իրավիճակում պահպանեցին կատարյալ զսպվածություն, չեզոքություն և չտրվեցին սադրանքներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում