Սփյուռքի նախարարն ընդունել է Գերաշնորհ Տեր Նաթան արք. Հովհաննիսյանին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 16-ին ընդունեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրին՝ Սփյուռքի նախարարը կարևորեց պետության և եկեղեցու միջև առկա սերտ կապերի պահպանումն ու զարգացումը: «Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն իր տեսակի մեջ եզակի էր, խաղաղ ու անցնցում: Սա արձանագրեց նաև ողջ աշխարհը: Հանրությունը անցումային այս փուլում մեզնից մեծ սպասելիքներ ու ակնկալիքներ ունի: Շատ ուրախ եմ, որ Ձեր պետական մտածելակերպով մեր կողքին եք, և վստահ եմ, որ եկեղեցու հետ մեր փոխհարաբերությունները մեծ ապագա ունեն»,-նշեց Մխիթար Հայրապետյանը:
Շնորհավորելով նորընտիր նախարարին պաշտոնը զբաղեցնելու առթիվ՝ Գերաշնորհ Տեր Նաթան արք. Հովհաննիսյանն ընդգծեց, որ Մայր Աթոռը մշտապես սերտ համագործակցել է Սփյուռքի նախարարության հետ, և այդ համագործակցությունը կշարունակվի ու կխորանա: «Ես բարձր եմ գնահատում երիտասարդության դերը: Ուրախ եմ Ձեզ այստեղ տեսնել: Մարդուն օժտվածությունը ի վերուստ է տրվում, իսկ տարիքը միայն հղկում է այն: Վստահ եմ՝ Ձեր օժտվածությամբ կնպաստեք մեր երկրի բարօրությանը»,-ընգծեց նա:
Հանդիպման ավարտին քննարկվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ մայիսի 22-ին կայանալիք «Հայաստանի Հանրապետության և հայ եկեղեցու դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում» խորագրով գիտաժողովին առնչվող հարցեր:
Գիտաժողովը նվիրված է Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում