Շարմազանովը Տարոն Մարգարյանին Երևանի հաջողված քաղաքապետ է համարում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, Times.am: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հաջողված քաղաքապետ է: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջի մասին քննարկումներին, նշեց, որ երկու անգամ պատիվ է ունեցել ղեկավարել Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբը և տեսել է, թե ինչ ժողովրդականություն է նա վայելում: «Նա ընտրված քաղաքապետ է, նա երևանցիների շրջանում 70 տոկոսից ավելի ձայն է հավաքել»,- ասաց նա:
Նա նշեց, որ ՀՀԿ-ի օրակարգում Տարոն Մարգարյանի հրաժարականի հարց չկա: «Մեր օրակարգում ես հրաժարականի հարց չեմ լսել և իմ անձնական կարծիքն այն է, որ ցանկացած տեղական ինքնակառավարման մարմին, որն ընտրվել է ժողովրդի քվեով, պետք է իրականացնի օրենքով իրեն վերապահված գործողությունները: Ինձ համար անակնկալ է, որ վարչապետ Փաշինյանը ասում է, որ ինքը չի միջամտելու դատական համակարգի աշխատանքներին, սակայն միջամտում է ՏԻՄ-ի աշխատանքներին: Նա որքան իրավունք չունի դատական համակարգի աշխատանքներին միջամտել, նույնքան էլ իրավունք չունի տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին միջամտել»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով հարցին՝ բացառո՞ւմ է, որ կարող են բացահայտվել չարաշահումներ, որոնք կարող են հանգեցնել Տարոն Մարգարյանի հրաժարականին, Շարմազանովն ընդգծեց, որ չի ցանկանում որևէ բան բացառել կամ չբացառել՝ ընդգծելով, որ այն պաշտոնյան չէ, ով պետք է խոսի չարաշահումների կամ քրեական գործերի մասին: «Ես մի բան կարող եմ ասել, որ մենք օրենքով պետք է պաշտպանենք ինչպես լրագրողների, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների, ընդդիմության և այլախոհների իրավունքները: Ով ուզում է լինի, չի կարող որևէ մեկին ստիպել որևէ բան անել, եթե չի հայտնաբերվել, որ նա անօրինականություն է արել»,- եզրափակեց Շարմազանովը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում