Մարդու հոգևոր զարգացման սկիզբը
Նմանատիպ
Ո՞ր տարիքում է սկսվում մարդու հոգևոր զարգացումը: Արդյո՞ք այն կախված է արտաքին, գենետիկ-ժառանգական, կրթական կամ այլ գործոններից:
Երեխայի հոգևոր զարգացումը սկսվում է գիտակցական տարիքից, քանի որ գիտակցական ընկալումը պետք է կրոնի գաղափարներն ընդունելու և հավատքի զգացումը հասկանալու համար: Բայց երեխաների պարագայում կարելի է նշել, որ հոգևոր զարգացումն սկիզբ է դրվում դեռևս նրա լույս աշխարհ գալուց էլ առաջ:
Դրա համար է հղի մայրերին խորհուրդ տրվում հաճախակի այցելել եկեղեցի, մասնակցել պատարագներին, որովհետև մոր հոգևոր խաղաղությունը, հանգիստ հոգեվիճակը դրական են անդրադառնում երեխայի զարգացման վրա: Բացի դրանից, երեխան ծնվելուն մոտ ժամանակաշրջանում կարողանում է արտաքին աշխարհի ձայները լսել, և եկեղեցական արարողությունների ու երաժշտության բարերար ազդեցությունը կանդրադառնա նաև նրա վրա:
Հոգևոր գիտելիքներ ստանալով է, որ երեխան կատարում է իր առաջին քայլերը հավատքի մեջ: Ինչպես ասում է Պողոս առաքյալը, հավատքը լսվածից է, և լսվածը` Քրիստոսի խոսքից (Հռոմ. 10.17): Նաև մեծապես կարևոր է մկրտությունը:
Մկրտության հետ կապված տարբեր դիրքորոշումներ կան բողոքականության և ուղղափառ, առաքյալների կողմից հիմնադրված եկեղեցիների մեջ: Բողոքականներն ասում են, որ երեխաները պետք է մկրտվեն ավելի մեծ տարիքում, որպեսզի հասկանան և սեփական ընտրություն կատարեն: Մինչդեռ ինչպես ծնողները հոգ են տանում երեխայի մարմնավոր խնամքի համար, այդպես էլ առավել ևս պետք է հոգ տանեն երեխայի հոգևոր խնամքի և դաստիարակության համար:
Նաև մկրտությամբ է մարդու մեջ ծագում հավատի շնորհը, մկրտությամբ է մարդը դառնում Երկնքի արքայության ժառանգորդ` ստանալով Սուրբ Հոգու շնորհները: Հետևաբար, այս ամենից պետք չէ զրկել երեխաներին:
Երեխաները մեծանալով` կարող են իրենք որոշել` շարունակելո՞ւ են դավանել այն հավատը, որին կոչվել են, թե՞ այլ ընտրություն են կատարելու, քանի որ քրիստոնեությունը պարտադրանքի կրոն չէ և կարևորում է մարդու ազատ ընտրությունը: Բայց ծնողները պետք է երեխային բավականաչափ հիմք տան հոգևոր գիտելիքների ու ապրումների, որպեսզի երիտասարդն արդեն կարողանա համեմատելու բան ունենալ այլ կրոնի հակվելու դեպքում և վերջնական ընտրություն կատարել:
Լինում է, որ ծնողներն իրենք կրոնական կյանքի միայն ձևական կողմը պահելով` միայն մշուշոտ պատկերացումներ են ունենում քրիստոնեության վերաբերյալ, երեխաներին չեն տալիս անհրաժեշտ գիտելիքներ ու արժեքներ, և դրանից է, որ երիտասարդներն ընկնում են աղանդավորության մեջ կամ նույնիսկ կրոնափոխ լինում:
Հետևաբար, պետք է մեծ ուշադրություն դարձնել երեխաների հոգևոր դաստիարակությանը և կրոնական գիտելիքներ մատուցելուն:
Աղբյուր՝ christianity4all.com։
Հետևեք մեզ նաև Telegram-ում