«Այս շարժումը դանդաղ գործողության ական և ծուղակ է Նիկոլ Փաշինյանի դեմ». Վարդան Դևրիկյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, 168.am: «Վերջին 2-3 օրերի դեպքերն ընդհանրապես իմ համբերությունը լցրեցին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը՝ խոսելով վերջին օրերին Կաթողիկոսի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների մասին։
Նրա կարծիքով՝ սրբապղծություն էին այն խոսքերը, որոնք բողոքի ակցիայի մասնակիցներն ուղղում էին Վազգեն Սարգսյանի ուղղությամբ. «Կարող եք ինձ չհավանեք, կաթողիկոսին չհավանեք, մյուսին չհավանեք, բա Վազգեն Սարգսյանի նման մարդն ի՞նչ է արել։ Սա անմարդկային վերաբերմունք էր, ու ես կարծում եմ՝ այդպես խոսողը պետք է իր հրապարակային ներողությունը խնդրի իր ասած խոսքերի համար։ Այս մարդիկ գլխիվայր շրջափոխված են ներկայացնում Հոկտեմբերի 27-ը՝ այնպես ցույց տալով, թե մեր Վեհափառ Հայրապետը Հոկտեմբերի 27-ի արդյունքում է դարձել կաթողիկոս, ինչն ակնհայտ կեղծիք է, փաստական կեղծիք է, որովհետև պարզապես այդ օրը տեղի ունեցավ այդ ողբերգությունը՝ այն դեպքում, երբ կաթողիկոսական ընտրությունն ավարտվել էր»։
Խոսելով հունիսի 10-ին Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասին՝ Վ. Դևրիկյանն ասաց, որ ինքն այդտեղ վտանգավոր միտում է տեսնում, և կարծում է՝ մարդկանց «հանում են իրար դեմ». «Ամբողջ հեղափոխությունը, իշխանափոխությունը տեղի ունեցավ՝ առանց որևէ ընդհարման, բայց հիմա այնպես են անում, որ մարդիկ իրար դեմ դուրս գան, սա շատ վտանգավոր միտում է»։
Նրա խոսքով՝ ըստ գործող օրենքների՝ կաթողիկոս ընտրելն ավելի հեշտ է, քան՝ գահազրկության գործընթացը։ Ըստ նրա՝ որևէ նախադրյալ չկա կաթողիկոսին գահից զրկելու համար։
Վ. Դևրիկյանը գտնում է՝ ներկայիս իշխանությունները պետք է միջոցներ ձեռնարկեն. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում, որ ինքը դատավոր չէ, ուժային կառույցի ներկայացուցիչ չէ, բայց հարցեր կան, որտեղ պետք է միջամտել։ Չի կարելի, որ գնան այդպես գռեհիկ ձևով եկեղեցական արարողությունները եկեղեցում ընդհատեն, դրա համար իշխանությունները պարտավոր են միջոցներ ձեռնարկել։ Այս շարժումը, որ կա, դա միաժամանակ դանդաղ գործողության ական և ծուղակ է Նիկոլ Փաշինյանի դեմ՝ որպես ՀՀ վարչապետի։ Ես ցանկացած ատյանում կարող եմ իմ բացատրությունը տալ և բացատրել, թե ինչով է սա ծուղակ՝ ՀՀ այսօրվա քաղաքական ղեկավարության դեմ»։ Վ. Դևրիկյանը չցանկացավ հրապարակային խոսել դրա մասին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում