Մադագասկարի սենատի նախագահը ողջունեց Հայաստանի մեծ ներդրումը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կայացման հարցում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադագասկարի սենատի նախագահ Էլուա Մաքսիմն իր խորին շնորհակալությունն է հայտնում Հայաստանում հոյակապ ընդունելություն կազմակերպելու համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի բացման արարողության ընթացքում Մադագասկարի սենատի նախագահը ողջունեց Հայաստանի մեծ ներդրումը միջոցառման կայացման հարցում:
«Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Հայաստանում: «Ապրել միասին» կարգախոսը ներառում է բոլոր կարևորագույն համամարդկային արժեքները, գաղափարները: Սիրով կուզենայի նշել, որ Մադագասկարը հպարտ է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ լինելով և հպարտ՝ իր դերակատարությունն այս մեծ գործընթացներին մշտապես բերելու համար»,-ընդգծեց նա:
Մադագասկարի սենատի նախագահը մատնանշեց, որ իր երկիրն այսօր առճակատված է բազմաթիվ մարտահրավերների առջև, և նպատակ ունեն Մադագասկարը դարձնել ավելի տեսանելի գագաթնաժողովի համատեքստում:
«Մարդասիրական արժեքների շրջանակում կոչ ենք անում հասարակության համախմբվածության ամրապնդմանը: Ողջում ենք բոլոր այն ղեկավարներին, ովքեր մշակում են կայուն զարգացման, համերաշխության, խաղաղության հաստատման ծրագրեր, ովքեր պայքարում են բռնության և ծայրահեղականության դեմ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը մեծապես նպաստել է և նպաստելու է այս բոլոր արժեհամակարգերի ամրապնդմանը»,– շեշտեց Մաքսիմը:
Նա խորին ցավակցություն հայտնեց հայ ազգին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:
«Մեծ երգահան, ով հավատարիմ մնաց իր ազգի արժեքներին, ում կորուստը տխրեցրեց ամբողջ ֆրանսախոս աշխարհը»,- եզրափակեց Մադագասկարի սենատի նախագահը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում