«Ուրարտու»-ն լավ պաշտպանվեց և առավել լավ հարձակվեց. գլխավոր մարզիչ

«Ուրարտու»-ն լավ պաշտպանվեց և առավել լավ հարձակվեց. գլխավոր մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբի գլխավոր մարզչի Միքայել Պողոսյանը ԵԱՏՄ գավաթի խաղարկության երկրորդ խաղի հաղթանակը կապում է լավ պաշտպանության և առավել լավ հարձակման հետ:

««Ուրարտու»-ն շատ լավ պաշտպանվեց և միևնույն ժամանակ ավելի լավ հարձակվեց: Մենք ավելի լավ ռոտացիա ունեինք, քան հակառակորդինն էր: Մի քանի բասկետբոլիստներ խաղը վերցրեցին իրենց վրա և կարողացան բեկել դրա ընթացքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանը:

Մարզչի խոսքով` հերթական մարզումից հետո «Ուրարտու»-ի բոլոր բասկետբոլիստները ուսումնասիրել են նախորդ խաղի թույլ և ուժեղ կողմերը: «Մեզ «Արսենալ»-ի դեմ խաղում միայն հաղթանակ է պետք: Եվ պետք է հաղթենք 8 միավորի առավելությամբ»,-եզրափակեց Պողոսյանը:

Բասկետբոլի ԵԱՏՄ գավաթի անդրանիկ խաղարկության երկրորդ խաղում Երևանի «Ուրարտու»-ն մրցեց բելառուսական «Ցոր- Բորիսֆեն»-ի հետ: Առաջին քառորդում հավասար պայքար ծավալվեց և թիմերը բաց չթողեցին իրենց հնարավորությունները: Առաջին քառորդն ավարտվեց հավասար 23:23 հաշվով: Երկրորդ քառորդում «Ուրարտու»-ն առավելություն ստացավ` առաջ անցնելով հաշվի մեջ: Թիմերը մեծ ընդմիջման գնացին 49:38 հաշվով՝ հօգուտ երևանյան ակումբի: Երրորդ քառորդում բելառուսական «Ցոր- Բորիսֆեն»-ն առավել հաջող էր գրոհում և պաշտպանվում և զիջեց միայն երեք միավորի տարբերությամբ` 63:60: Վերջին քառորդում «Ուրարտու»-ն պահպանեց հաշվի առավելությունը և հաղթեց 91:79 հաշվով:

ԵԱՏՄ գավաթի շրջանակներում «Ուրարտու»-ն վերջին հանդիպումը կանցկացնի փետրվարի 26-ին՝ մրցելով ռուսական «Արսենալ»-ի հետ: Հանդիպումը կկայանա նախկին «Միկա» մարզահամալիրում և կմեկնարկի 19:00-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում