ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի
Փոստանջյանի պատգամավորական հարցում է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի վերաբերյալ, որտեղ մասնավորապե ասված է.
Սույն թվականի հունիսի 1-ին Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցներից տեղում մահացած Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանի և նրա եղբորը՝ N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանին ծանր հրազենային վնասվածքներ պատճառելու հետևանքով 03.06.2013 թվականին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը կայք-էջում հանդես է եկել հետևյալ հատարարությամբ’ «Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչև նախաքննության ավարտը և արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլևս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով՝ խնդրում եմ հնարավորինս շտապ տրամադրել պատասխան հետևյալ հարցերի վերաբերյալ.
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը շարունակում է կատարել մարզպետի լիազորությունները, թե՞ ոչ:
Վերադաս մարմնից ստացած թույլտվության մասին Դուք տեղեկացված եք, թե ոչ, եթե այո, ապա որ վերադաս մարմնի մասին է հայտարարում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը և որոնք են այդ թույլտվության իրավական հիմքերը:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը գտնվում է արձակուրդի մեջ, թե՞ ոչ:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը աշխատանքից բացակայելու հիմքերի մասին, որևէ փաստաթուղթ ներկայացրել է, թե՞ ոչ, եթե այո, ապա խնդրում եմ տրամադրել փաստաթղթի պատճեն:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազատման մասին կառավարության որոշում առկա է, թե՞ ոչ, եթե այո, ապա խնդրում եմ տրամադրել որոշման պատճեն:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազատման մասին կառավարության որոշում եթե առկա է, ապա այն, համաձայն ՀՀ Սահմանադրության 88.1 հոդվածի, ուղարկվել է վավերցաման, թե ոչ: