Գարեգին Երկրորդ կաթողիկոսը կոնդակ է հղել Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակ է հղել հունիսի 23-ին նշվող Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ և նշել, որ Մայր Տաճարը հոգեղեն գեղեցկազարդ մարգարիտն է մեր հավատքի անդաստանում, և ազգի զավակների սրտերը ի սփյուռ աշխարհի կապված են այս անգին գանձին: Այս մասին տեղեկացանք «Ֆեյսբուք»-ում Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի էջից։
Կոնդակում նշված է. ««Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ» (Շարական):
Առ Աստուած գոհաբանական մաղթանքով և Սուրբ Էջմիածնի տօնի բերկրութեամբ հայոց նուիրական Մայր Աթոռից հայրական Մեր սէրն ու Հայրապետական օրհնութիւնն ենք բերում հաւատաւոր մեր ժողովրդին՝ ի հայրենիս և ի սփիւռս: Հաւատքի ճշմարիտ լոյսը, որ հայոց երկրում ծագել էր Սուրբ Թադէոս և Բարդուղիմէոս առաքեալների քարոզչութեամբ, նորովի ճառագայթեց մեր ժողովրդի կեանքում: Առաքելապատիւ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Հայրապետի տեսիլքով, Սուրբ Տրդատ թագաւորի ջանքերով ու հաւատացեալների ոգեշունչ մասնակցութեամբ վեր խոյացաւ համայն հայութեան Սրբութիւն Սրբոցը, մեր հաւատքի յաւերժական ջահը, Աստուծոյ հետ մեր անխախտելի ուխտի և աներեր հաւատարմութեան հիասքանչ վկայարանը՝ Սուրբ Էջմիածինը: Մեր Տէր և Փրկիչ Յիսուս Քրիստոսի էջքով աստուածային երկնառաք պարգևներն ընդունեց մեր երկիրն ու ժողովուրդը:
Մայր Տաճարը հոգեղէն գեղեցկազարդ մարգարիտն է մեր հաւատքի անդաստանում, և ազգիս զաւակաց սրտերը ի սփիւռս աշխարհի կապուած են այս անգին գանձին: «Ի վերայ Աջոյն և Սրբոյ Էջմիածնի ամենայն ազգն Հայոց կապեալ կան»,- պատկերաւոր նկարագրում է պատմիչը՝ մեր ժողովրդի դարաւոր էջմիածնասէր զգացումների բիւրեղացումը ամփոփելով այս վկայութեան մէջ: Արդարև, մեր ազգային-հոգևոր կեանքում Սուրբ Էջմիածինը դարձել է աստուածահիմն ակունքը ամենայն օրհնութիւնների, առատաբուխ աղբիւրը հոգևոր բարեզարդութիւնների, բաշխողը Սուրբ Հոգու շնորհաց առհաւատչեայ՝ սրբալոյս միւռոնի, քաջալերողն ու նորոգողը հայոց հաւատքի: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրաշակերտ իր տաճարով եղել է և միշտ կլինի ազգիս՝ Միածնի էջքով պսակեալ հոգևոր սուրբ կենտրոնը, սերնդէ սերունդ փառքն ու պարծանքը, նուիրագործուած ու փայփայուած հայոց Բեթղեհէմը:
Դարերի ընթացքին մեր ժողովուրդը՝ միշտ ունկնդիր Սուրբ Գրիգոր Լուսաւորչի «Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ» կոչին, եկեղեցանուէր ոգով ու նախանձախնդրութեամբ նորոգել, բարօր ու շէն է պահել Սուրբ Էջմիածինը՝ որպէս քարեղէն վկայութիւն իր հոգեղէն ապրումների և նուիրական զգացումների, որպէս տաճարացում առ Բարձրեալն Աստուած մեծագոյն սիրոյ և ձգտումի: Ժամանակների հոլովոյթում Հայոց Հայրապետների հոգածութեամբ Մայր Տաճարը շարունակաբար բարեզարդուել է որմնանկարներով ու սրբապատկերներով, խորանների, զանգակատների և աւանդատների կառուցմամբ, նուիրական սրբավայրի հանդէպ մշտական խնամքով, որպէսզի յաւէտ փայլի ու շողարձակի Քրիստոսահաստատ սրբօրրանը, «քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի»։
Լուսաւորչի հրաւէրն այսօր էլ արձագանքում է մեր կեանքում՝ բարգաւաճ ու պայծառ պահելու համայն հայութեան հոգևոր սուրբ կենտրոնը: Մայր Տաճարը այսօր խիստ կարօտ է վերանորոգման, ամրակայման հրատապ աշխատանքների, որպէսզի զերծ մնայ փլուզման վտանգից: Մեր նուիրական սրբավայրը պահպանելու և ամրացնելու, պայծառակերպ բարեզարդելու նպատակով Մայր Աթոռում արդէն իսկ սկսուած են անհրաժեշտ նորոգութիւնները: Պահանջուող վերանորոգման աշխատանքները, սակայն, ծաւալուն են, և կարիքը կայ մեծ միջոցների, համայն հայութեան աջակցութեան: Եւ այժմ, սիրելիներ,Մենք ենք դիմում ձեզ Սուրբ Գրիգոր Լուսաւորչի «Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ» կոչով: Եկէք միասնաբար նորոգենք մեր ազգային-եկեղեցական կեանքի Սուրբ Խորանը՝ Մայր Տաճարը Սուրբ Էջմիածնի: Ձեր հոգու ջերմ զգացումներով, որ տածում էք հանդէպ Մայր Աթոռը, ձեր նպաստն ու ներդրումը բերէք մեր Սրբութիւն Սրբոցի վերանորոգման գործում, քանզի Սուրբ Էջմիածինը, որ միշտ սնել ու զօրացրել է բարեպաշտ զաւակներիդ ի հոգևորս, այսօր ձեր կարիքն ունի, որպէսզի յարատև շարունակի իր առաքելութիւնը մեր ժողովրդի կեանքում: Սուրբ Էջմիածնով միշտ պիտի ամուր պահենք մեր ուխտը առ Աստուած և մնանք համախմբուած հայրենիքի, ազգի և Եկեղեցու սիրով ու մեր նուիրական արժէքներով: Վստահութիւնն ունենք և հաւատում ենք, որ մենք կանք և մնացել ենք այն ազգը, որի հաւատոյ հռչակումն անփոփոխ է յանդիման ժամանակների, փորձութիւնների և դժուարութիւնների. «Մեզ հայր ճանաչում ենք Սուրբ Աւետարանը, և մայր՝ Առաքելական Սուրբ Եկեղեցին»: Այս նախանձախնդիր ոգով, սիրելի զաւակներ Մեր, ձեր աջակցութիւնը բերէք Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի նորոգութեանը՝ գնահատարժան գործեր յաւելելով ձեր բարեպաշտ կեանքին ու վաստակին:
Մայր Տաճարի նորոգութեան համար բերուող օգնութիւնները համակարգելու նպատակով Գերագոյն Հոգևոր Խորհրդի կողմից հաստատուել է աշխատանքային խումբ՝ ԱՄՆ Հայոց Արևմտեան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանի գլխաւորութեամբ: Մեր յորդորն է աշխարհասփիւռ մեր թեմերին, ծուխերին, հաւատաւոր հայորդիներին՝ ըստ ամենայնի գործակցելու Մայր Տաճարի նորոգութեան աշխատանքային խմբի հետ՝ սրտաբուխ նուիրատուութիւններով ու զօրակցութեամբ մասնակցութիւն բերելու Քրիստոսահիմն մեր Սրբավայրի բարենորոգութեան նուիրական գործում:
Ի խորոց սրտի աղօթում ենք, որ Բարձրեալ Տէրը Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքոյ պահպանի ձեզ, սիրելի հաւատաւոր և հաւատարիմ զաւակներ Մեր, պարգևի բիւր բարիքներ և ամուր պահի եկեղեցանուիրումի, ազգանուիրումի ու հայրենասիրութեան ձեր ոգին: Թող Աստուծոյ շնորհները հովանի լինեն ազգիս հայոց և միշտ խաղաղ ու անսասան պահեն մեր հայրենիքը, ամուր՝ մեր պետականութիւնը, յաւէտ շէն ու պայծառ՝ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին:
«Թագաւոր երկնաւոր, զԵկեղեցի Քո անշարժ պահեա՛, և զերկրպագուս անուանդ Քում պահեա՛ ի խաղաղութեան». ամէն»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում