Ավելի վտանգավոր է կադրային կոռուպցիան. Գևորգ Պետրոսյան

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Իշխանության որոշ ներկայացուցիչներ ամենաբարձր մակարդակով իրենց համոզել են, թե հեղափոխությունն այն է, որ ամբողջ պետական ապարատը քեզանով անես, «ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» թեմայով խորհրդաժողովում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետոսյանը։
«Օրենսդիր իշխանությունը հիմա իրենցն է, գործադիր իշխանությունը միանձնյա իրենք են ստանձնել, հիմա իրենց կարծիքով հեղափոխությունը դեռ չի սպառվել։ Ա՛յ, երբ դատարանները, դատախազությունը համալրվեն իրենցով, իրենց հետ քայլած մարդկանցով, այդ ժամանակ հեղափոխությունը կավարտվի»,– ասաց Գևորգ Պետրոսյանը։
Նա նշեց` եթե խոսվում է դատական անկախ համակարգի մասին, ապա քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունը բացարձակապես չպետք է անդրադառնա դատական համակարգի վրա։
«Վաղը, մյուս օրն էլ կասեն դատախազության դռները փակենք, ոստիկանության։ Այսինքն, ինչ է, մենք կոնկրետ մարդկանց մեղավորության փոխարեն համակարգե՞ր ենք կործանում։ Ենթադրենք դատավորներին բոլորին «մաքրազարդեցին», ո՞ւմ են բերելու, բա կադրային կոռուպցիան ի՞նչ է։ Ավելի վտանգավոր է կադրային կոռուպցիան։ Երբ այսօր գալիս են բարձրաստիճան պաշտոնների են թառում, իրենց մտածողության օրգանը երբևէ որևէ լուրջ ինֆորմացիայով չծանրաբեռնած մարդիկ, որոնք ընդամենը քայլել գիտեն, մեկ-մեկ էլ՝ վազել, մեկ-մեկ էլ՝ ճողոպրել, իրենց բերում և ասում են՝ դու վերջն ես։ Սա կործանման ամենակարճ ճանապարհներից մեկն է», – ասաց Գևորգ Պետրոսյանը։
Պատգամավորն ընդգծեց՝ պետք է վեր կանգնել անձնական ամբիցիաներից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում