Ստեփանակերտի հրապարակում կհնչի Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը
Նմանատիպ
Սեպտեմբերի 1-ին` ժամը 20:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կհնչի մաեստրո Տիգրան Մանսուրյանի` բոլոր ժամանակներում սիրված կինոերաժշտությունը` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ, մաեստրո Տիգրան Մանսուրյանն այս տարի դարձել է 80 տարեկան: Այդ առթիվ կկազմակերպվի մանսուրյանական համերգաշար, որի մեկնարկը տրվելու է Արցախից:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այսօր ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ քննարկել է Արցախում մանսուրյանական օրերի կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր:
Իր խոսքում ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ասել է, որ արցախցիներն անհամբեր սպասում են մանսուրյանական օրերին, և հատկանշական է, որ մեկնարկը տրվում է Արցախից ու ավարտվելու է Գյումրիում:
«Սա ցույց է տալիս այն միասնականությունը, որը առկա է մեր ժողովրդի մեջ: Մշակույթը միավորում է մեզ բոլորիս, և այսօր մենք միասնական մշակութային դաշտի ստեղծման ճանապարհին ենք»,- նշել է Լ. Հովհաննիսյանը:
Իր հերթին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ասել է, որ համերգաշարն Արցախից սկսելու պատճառները շատ օբյեկտիվ են. երևանցիների և մաեստրոյի սերը անչափելի է Արցախի հանդեպ:
«Վստահ եմ` համերգաշարի ընթացքում կարողանալու ենք Տիգրան Մանսուրյանին ներկայացնել լավագույնս: Արցախում միջոցառումները կմեկնարկեն օգոստոսի 30-ին: Զորամասերց մեկում տեղի կունենա սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկո, որտեղ կհնչեն մաեստրոյի ստեղծագործությունները: Այնուհետև օգոստոսի 31-ին` ժամը 19:30-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կհնչի Ավետիք Իսահակյանի և Եղիշե Չարենցի տեքստերով մանսուրյանական երաժշտություն` Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ: Սա նույնպես մաեստրոյի ցանկությունն է, որպեսզի մեծանուն երկու հայ գրողների տողերով գրված ստեղծագործությունները ներկայացնենք արցախցի հանդիսատեսին»,- մասնավորապես նշել է Տ. Վիրաբյանը:
Երևանի փոխքաղաքապետը ցանկություն է հայտնել ավանդույթ ձևավորելու, որպեսզի տարեկան մի քանի անգամ մշակութային ծրագրերով Արցախում հանդես գալու առիթ ստեղծվի:
ԱՀ ՄԵՀԶ նախարարը ողջունել է առաջարկը և իրականացվելիք ծրագրերին աջակցելու պատրաստակամություն հայտնել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում