Գևորգ Պետրոսյանը միացավ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրահավաքին

Գևորգ Պետրոսյանը միացավ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրահավաքին

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ազգային ժողովի դիմաց այս պահին ընթանում է բողոքի ակցիա՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի:

Ակցիան կազմակերպել է Հայկական Արժեքների «Կամք» հասարակական նախաձեռնությունը, որը նաև ստորագրահավաք է սկսել կոնվենցիան արգելելու համար:

Քիչ առաջ ցուցարարաներին միացավ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ միանալով ստորագրահավաքին:

«Սա հակասում է ՀՀ Սահմանադրությանը և մեր արժեհամակարգին», – լրագրողներին ասաց Պետրոսյանը:

Նա նկատեց, որ ընտանեկան բռնությունը պատժող օրենսդրություն ՀՀ-ում կա ու դրա անվան տակ ընդունելի չէ նման օրենք բերել.

«Սրա նպատակը ոչ թե բռնությունը կանխարգելելն է, այլ այդ անվան տակ այլ բարքեր ՀՀ ներմուծելը, որին ԲՀԿ-ն դեմ է», – ասաց Պետրոսյանը՝ հույս հայտելով, որ խմբակցության գործընկերները ևս կմիանան նախաձեռնությանը:

Դիտարկմանն՝ արդյոք տեղյա՞կ է այս հարցով ինչ դիրքորոշում ունի թիմի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ Պետրոսյանն ասաց.

«Պարոն Ծառուկյանը Ստամբուլյան կոնվենցիային արտահայտվել է դեմ, որովհետև ինքն էլ է այն կարծիքին, որ դրանով փորձ է արվում մեր իրականություն ներմուծել արժեքներ, որոնք հարիր չեն մեր ավանդական պատկերացումներին, մեր արժեքներին: Ո՞նց կարա Ծառուկյանը կողմ լինի այդ կոնվենցիային»:

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ կոնվենցիան ԱԺ օրակարգ կբերվի գարնանը: Այսօր կոնվենցիան կքննարկվի նաև ԱԺ պետաիրավական հարցերի, արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որին մասնակցելու են նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում